Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման եւ մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:
Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում եւ Հայաստանում` Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր եւ ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում` մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»: