
Գեներալների եղբորորդիների մասնակցությամբ միջադեպը հարթվել է ներողություն խնդրելով. «Հրապարակ»

«Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեև տեղի էին ունեցել օրը ցերեկով և հայտնի մարդկանց միջև, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել»,- գրում է «Հրապարակ» թերթը: Թերթը հիշեցնում է, որ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների և անհայտ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը: Ըստ տարածված տեղեկությունների, առիթը մեքենաների վազանցն է եղել: Հետևից եկող մեքենայի վարորդը զայրացել է ու վիճաբանության բռնվել, ինչից հետո իր մոտ եղած հրազենով կրակել է: Ոստիկանությունից երեկ «Հրապարակին» հայտնել են, որ այս քրեական գործով նորություն չկա: Փոխարենը լուրեր են շրջանառվում, որ այն «բացահայտվել» է այլ մեթոդներով: Ըստ Էջմիածնում շրջանառվող լուրերի, միջադեպից օրեր անց Մանվել Գրիգորյանն ու մյուս կողմը բանակցել են, հաշտվել, ավելի կոնկրետ՝ «անհայտ անձինք» գեներալ Մանվելից ներողություն են խնդրել, և ամեն ինչ հարթվել է:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։