
Դատարանը կասեցրել է մարզահամերգային համալիրի աճուրդը. «Փաստինֆո»

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր բավարարել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հայցը և կասեցրել ԴԱՀԿ-ի հայտարարած աճուրդը։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը` նշելով, որ այսօր ինքը դատարանի որոշումը ներկայացրել է ԴԱՀԿ ծառայություն` պահանջելով ՄՀՀ-ի նկատմամբ հայտարարված աճուրդը դադարեցնել:
«Ըստ էության ԴԱՀԿ հայտարարած 3 աճուրդները, որ կայացել են և հիմա էլ ընթացքի մեջ են, 3-ն էլ անօրինական են, և ԴԱՀԿ-ն պարտավոր է դատարանի որոշման հիման վրա կասեցնել կատարողական վարույթն ու աճուրդը, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ առաջին ատյանի դատարանը խախտումներ է թույլ տվել»,- ասաց փաստաբանը:
Մեր հարցին, թե դատարանի վճռով` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված կոնկրետ ի՞նչ խախտումներ են արձանագրվել, Արմինե Հակոբյանը պատասխանեց. «ԴԱՀԿ ծառայությունը դիմել է ընդհանուր իրավասության դատարան և խորհուրդ է հարցրել, ինչի իրավունքը չուներ, ընդամենը կարող էր վրիպակների, անհասկանալի մասով դիմել, բայց դիմել էր և հարցրել, եթե գրավի իրավունքը վերացնելու և գույքը արգելանքից հանելու հայց կա՞ դատարանում, ես կասեցնե՞մ կատարողական վարույթը, թե՝ ոչ: Այսինքն՝ ընդհանուր իրավասության դատարանը խախտել էր Սահմանադրության 5-րդ հոդվածը: Այդ հիմքով էլ Վերաքննիչ դատարանը բեկանեց որոշումը»:
Ինչ վերաբերում է գրավի իրավունքը վերացնելու և գույքը արգելանքից հանելու հայցին, ապա դրա քննությունը դատարանում դեռ շարունակվում է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: