Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվում է համահայկական երիտասարդական հանձնաժողով
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Հունիսի 25-ից 29-ը «Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ» ՀԿ իրականացնում է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ» ծրագիրը, որի նպատակն է երիտասարդության մոտ Հայոց Ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ նպաստել երիտասարդական կազմակերպությունների, միջազգային կառույցների կողմից դրա ճանաչմանն ու դատապարտմանը: Հնգօրյա համահայկական երիտասարդական ֆորում-հավաքի խնդիրներն են.
- Ստեղծել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջացառումների համակարգման համահայկական երիտասարդական հանձնաժողով,
- հիմնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համաշխարհային երիտասարդական շարժում /Շարժում/,
- Սփյուռքի համայնքներում ստեղծել Շարժման երիտասարդական հանձնախմբեր/լոբբիստական խմբեր,
- մշակել Շարժման միջոցառումների ծրագիր-ժամանակացույց և հետևողականորեն իրականացնել երիտասարդական միջոցառումներ աշխարհի տարբեր երկրներում,
- սերտորեն համագործակցել Հայաստանի պետական ու Սփյուռքի կառույցների հետ:
Ծրագրին մասնակցում է շուրջ 30 երիտասարդ Հայաստանի և Սփյուռքի երիտասարդական կազմակերպություններից: Համաժողովի անցկացման վայրերն են` մայրաքաղաք Երևանը և 2014թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիանը: Ծրագրի ընթացքում մասնակիցներն այցելելու են Ծիծեռնակաբերդ, ՀՀ սփյուռքի նախարարություն, ինչպես նաև մշակելու են Եղեռնի 100-ամյակին ընդառաջ համահայկական երիտասարդական միջոցառումների ծրագիր-ժամանակացույց:
«Մենք 2015թ. ապրիլի 24-ին կունենանք մի շարք միջազգային կառույցներ և օտարերկրյա պետություններում գործող կազմակերպություններ, որոնք կմիանան մեր շարժմանը և կստորագրեն Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման Հռչակագրի տակ»,-ընդգծեց ծրագրի համակարգող Ատոմ Մխիթարյանը:
Ծրագրի աջակից գործընկերներն են` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, Եվրամիության ERASMUS plus ծրագիրը, Երիտասարդական ակումբների դաշնությունը: