Գրիշա Վիրաբյանի գործով դատախազի բողոքը հիմնավոր չէ, իսկ հիմքերը` անհասկանալի. Արա Ղազարյան. «Փաստինֆո»
ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը հուսով է, որ Վերաքննիչ դատարանը կմերժի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված բողոքը: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Արա Ղազարյանը կարծիք հայտնեց, որ դատախազի բողոքն այնքան էլ հիմնավոր չէ, ավելին՝ անհասկանալի են բողոքի հիմքերը:
Մասնավորապես, դատախազը նշել է, որ 2004-2005թթ. քննիչն երկու որոշում էր կայացրել ոստիկանների կողմից Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու փաստով քրեական գործ չհարուցելու և կոնկրետ անձանց հարցաքննելու վերաբերյալ Վիրաբյանի միջնորդությունը մերժելու մասին: Դատախազի կարծիքով, դատարանն այդ որոշումները պատշաճ գնահատման չի արժանացրել, այդ պատճառով անհնարին է դառնում ՄԻԵԴ վճռի կատարումը ազգային մակարդակով:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը վերջերս որոշում էր կայացրել քննիչի` քրեական գործ չհարուցելու որոշումը վերացնելու և գործը կրկին նախաքննության ուղարկելու մասին, այսինքն, ըստ Ա.Ղազարյանի, վերականգնվել է «ստատուս քվոն»՝ մինչև խախտումն եղած վիճակը:
Այդ որոշման ուժի մեջ մտելուց հետո` քննիչը, անկախ այն բանից, որ խոշտանգումներից արդեն 9 տարի է անցել և որ ժամանակի ընթացքում հետքերը վերանում են, նորից պետք է քննություն անցկացնի: Քննիչը պետք է քննի Գրիշա Վիրաբյանի այն պնդումները, որոնք նա 2004-2005թթ. ներկայացրել էր: Այն է` ոստիկաններն իրեն խոշտանգել են իր քաղաքացիական ակտիվության համար, «այն բանի համար, որ ինքը Գրիշա Վիրաբյանն է»: «Քննիչն այս անգամ կրկին նույն որոշումը չի կարող կայացնել»,- ասաց Արա Ղազարյանը:
Գրիշա Վիրաբյանի գործը վերաբացվել էր Եվրոդատարանի վճռի հիման վրա. Վճռաբեկ դատարանը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով որոշեց վերաբացել գործը, և այդ մասով բեկանել իր նախկին որոշումը, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը, որով օրինական ու հիմնավորված էր համարել քննիչի՝ քրեական գործ չհարուցելու որոշումը: Հիշեցնենք, որ Գրիշա Վիրաբյանը 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էր ենթարկվել Ոստիկանություն, որտեղ էլ ենթարկվել էր դաժան ծեծի ու խոշտանգումների:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: