
Մեզ ԵԽ ԽՎ-ում ձայնից զրկելու ադրբեջանական ապուշության տակ ստորագրածներն այդ երկրի լոբբիստներն են.Ն. Զոհրաբյան. Tert.am

Անդրադառանալով ԵԽ ԽՎ Նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնած Ադրբեջանի պատվիրակության նամակին՝ Հայաստանի նկատմամբ, որպես ագրեսորի, սանկցիաներ կիրառելու մասին, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մշտական կազմի անդամ, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը Tert.am -ի հետ զրույցում նշեց. «Միանշանակ վստահությամբ կարող եմ ասել, որ ադրբեջանական այդ նախաձեռնությունը ԵԽ ԽՎ –ում որևէ ընթացք չի ստանալու»:
Ինչ վերաբերում է 58 պատգամավորին, ովքեր, նրա խոսքով՝ «ստորագրել են ադրբեջանական ապուշության տակ», պատգամավորը նշեց՝ ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ Ադրբեջանի լոբբիստներն են:
-Տիկի՛ն Զոհրաբյան, Ադրբեջանը ԵԽ ԽՎ 58 պատգամավորի ստորագրությամբ ԵԽ ԽՎ քարտուղարություն է հանձնել բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է սանկցիաներ կիրառել Հայաստանի նկատմամբ, և մասնավորապես, հունիսյան նստաշրջանից՝ երկուշաբթի օրվանից, դադարեցնել հայկական պատվիրակության լիազորությունները: ԵԽ ԽՎ-ին ուղղված նամակում բերված են իբր՝ հիմնավորումներ Հայաստանի ագրեսոր լինելու մասին, թե՝ «ինչու Ռուսատանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառել՝ Ղրիմի հետ կապված, ինչու Ռուսաստանի պատվիրակությանը զրկում են ձայնի իրավունքից, Հայաստանին՝ ոչ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ընթացակարգ կստանա հարցը, և ովքե՞ր են, ի վերջո, այն 58 պատգամավորը, ովքեր ստորագրել են Ադրբեջանի նախաձեռության տակ:
– Ես, ընդհանրապես, խորհուրդ կտայի Ադրբեջանի այդ նախաձեռնությունն այդքան չկարևորել, որովհետև սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում նման տխմարգույն նախաձեռնություններով է հանդես գալիս: Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանն արդեն ապրիլին, մինչև ԵԽ ԽՎ-ի Նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնելը, արդեն հայտարարել էր, որ հունիսյան նստաշրջանում բարձրացնելու է հայկական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը: Ինչ վերաբերում է այդ 58 պատգամավորին, ովքեր ստորագրել են ադրբեջանական ապուշության տակ, ապա ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ Ադրբեջանի լոբբիստներն են: Միանշանակ վստահությամբ կարող եմ ասել, որ ադրբեջանական այդ նախաձեռնությունը որևէ ընթացք ԵԽ ԽՎ-ում չի ստանալու:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: