
«Կոչ ենք անում նաև օրենսդրորեն պաշտպանել մեր ժառանգությունը». «Հայասա» Բելգիայի հայ ուսանողական միություն

Հարգելի հայրենակիցներ, Մենք, Բելգիայի հայ ուսանողներս ու երիտասարդներս, ինչպես նաև համայն հայությունը, վերջին օրերին ականատեսն ենք մեր բոլորիս պատմամշակութային ժառանգության նկատմամբ աննախադեպ անհարգալից վերաբերմունքին: Եվ եթե այդ ամենը կատարվեր մեր թշնամու կամ օտարի ձեռքով, ապա ինչ-որ տեղ բացատրելի կլիներ: Սակայն ապշեցուցիչ է, երբ հայոց հողում, հայ պետականության հովանու ներքո այդ աստիճանի ոտնձգություն է թույլ տրվում մեր ազգի կերտած համամարդկային արժեքների նկատմամբ: Այն փաստը, որ փորձ է արվում Գառնու հրաշք տաճարը վերածել խնջույքի վայրի` այն փակելով մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների առջև, խոսում է միայն մեր իշխանավորների հանցավոր վարքագծի մասին: Բացարձակապես ապշեցուցիչ էր մեզ համար ականատեսը լինել նաև Զվարթնոցի տաճարի տարածքում այդ սրբապղծությանը: Սա արդեն բացահայտ մարտահրավեր է նետված հայ մարդուն իր իսկ միջի սրիկայի կողմից: Քաջ գիտակցում ենք նաև, որ այս ամենը պատմամշակութային արժեքների պահպանման հարցում պետական քաղաքականության բացարձակ ձախողման հետևանք է: Մեր աչքի առջև են Փակ Շուկայի, Հին Երևանի, Աֆրիկյանների տան և շատ այլ օրինակներ:
Իրավիճակը իսկապես տագնապալի է և պահանջում ենք այս ամենին վճռական պատասխան տալ: Ակնհայտ է դառնում, որ մշակույթի ոլորտի պատասխանատուները բոլորովին ձախողել են իրենց աշխատանքը և պետք է անհապաղ հեռացվեն իրենց զբաղեցրած դիրքերից: Կոչ ենք անում նաև օրենսդրորեն պաշտպանել մեր ժառանգությունը նման ոտնձգություններից: Լինելով հեռու հայրենիքից` մենք միևնույնն է շարունակում ենք մնալ հայ և այսուհետ ևս շարունակելու ենք տերը լինել մեր ժառանգությանը: Սթափվե´ք քանի դեռ ուշ չէ:
«Հայասա» Բելգիայի Հայ Ուսանողական Միություն