Բաժիններ՝

«Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի հայտարարությունը

Արցախցիներին մինչև հոգու խորքը ցնցեց Սերժ Սարգսյանի հրապարակային ուրացումը, որ Արցախը ոչ միայն իրավաբանորեն, այլև անգամ իր պատկերացումներում Հայաստանի մաս չէ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի ինքնաբացահայտումը և նրա օտար տերերի զավթողական քայլերը պատահական չեն ժամանակի և իրավիճակի առումներով: Նրանց թվում է, թե հետպատերազմյան քսան տարիների ընթացքում Հայաստանում (Արցախը ներառյալ) վարված ազգակործան քաղաքականության շնորհիվ հաջողվել է այն աստիճան մոլորեցնել ու կամազրկել մեր ժողովրդին, որ արդեն կարող են սպանել նրա հաղթանակը և խլել Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը: Մինչդեռ մեր ժողովուրդը շատ պարզ կերպով գիտակցում է, որ այդ հաղթանակը ոչ միայն Արցախի ազատագրումն է և նրա փաստացի միավորումը Հայաստանին, այլև այն շրջադարձային կետը, որի շնորհիվ փոխվեց մեր պատմության վերջին հարյուրամյակների կորստաբեր ընթացքը և նախադրյալներ ստեղծվեցին մեր ինքնիշխան գոյության ու Հայրենիքը քայլ առ քայլ ազատագրելու համար:

Հայաստանյան վարչախումբը մեր երկիրը Եվրասիական Տնտեսական Միության քաղաքական զնդանը մտցնելով, մեզ վերադարձնում նշված շրջադարձային կետից ավելի ետ ընկած ժամանակաշրջանի՝ մինչ 1988-ի ազատագրական պայքարին նախորդած կորստաբեր ընթացքի մեջ: Նման ընթացքի պարագայում Արցախը և նրա հետ միասին՝ նաև ամբողջ Հայաստանը, հայտնվելու են ռուս-թյուրքական կամքի տիրույթում, ինչը աղետալի կլինի Արցախի և ամբողջ Հայաստանի ու հայության համար: Այսպիսի զարգացումների հետևանքով Արցախը և ամբողջ Հայաստանն ու հայությունը զրկվելու են իրենց ճակատագիրը տնօրինելու կամքից ու հնարավորությունից և մանրադրամ են դառնալու տարածաշրջանում տեղի ունենալիք հերթական աշխարհաքաղաքական առևտրի մեջ: Եվ, ամենայն հավանականությամբ, ինչպես արդեն եղել է մեր պատմության ընթացքում, հանուն ռուս-թյուրքական բարեկամության մենք նախ կորցնելու ենք Արցախը, ապա՝ նաև Հայաստանն ամբողջությամբ:

Մենք՝ Արցախյան ազատագրական պայքարի մի խումբ մասնակիցներս, արձանագրում ենք, որ Արցախը ոչ միայն մեր պատկերացումներում, այլև փաստացի Հայաստանի մաս է:

Մենք հայտարարում ենք, որ վճռական ենք և մեր այդ պատկերացումներին համապատասխան ստեղծում ենք «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտե՝ ինչպես նշված, այնպես էլ հնարավոր այլ սցենարներով պայմանավորված վտանգների պարագայում մեր ժողովրդին ոտքի հանելու, Արցախը ներքին և արտաքին թշնամիներից պաշտպանելու ու նաև իրավաբանորեն Հայաստանի մաս դարձնելու նպատակով: Որպես մեր նախաձեռնությունը կյանքի կոչելու մեկնարկ, «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեն նախատեսում է առաջիկա օրերին հանրահավաք անցկացնել Ստեփանակերտում և ժողովրդին իրազեկել մեր հետագա քայլերի մասին:

Մխիթար Ավետիսյան
Քերոբ Ղազարյան
Վահան Բադասյան
Գրիշա Հայրապետյան
Արթուր Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս