Բաժիններ՝

Երկու ամբաստանյալներից մեկը արդարացվեց, իսկ մյուսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. pastinfo.am

Դատարանը ճանաչել և հռչակել է Արմեն Գրիգորյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, հողորդում է pastinfo.am-ը: Արմեն Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է: Դատավճիռը չի բողոքարկվել ու օրինական ուժ է ստացել:

Նախաքննական մարմինն Արմեն Գրիգորյանի գործողություններում հանցակազմ էր գտել` նշելով, որ նա 2013 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 17:40-ի սահմաններում, Արթուր Հակոբյանի հետ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում ձայնային ազդանշանից ծագած վիճաբանությունից հետո, երբ Արթուր Հակոբյանը դիմել է փախուստի, առանց հափշտակելու նպատակի տրանսպորտային միջոցը փախցնելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ընկեր` Յուրի Շաբոյանի հետ, փախցրել են Հակոբյանին պատկանող «Մերսեդես Բենց C 200» մակնիշի մեքենան: Յուրի Շաբոյանը վարել է այն Ազատության պողոտա 9 հասցեի դիմացը և կայանել, որից հետո մեքենայի գտնվելու վայրի մասին տեղյակ են պահել Արթուր Հակոբյանին եւ հեռացել:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող Դ.Կարապետյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով՝ հայտարարել է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին այն պատճառաբանությամբ, որ Ա.Գրիգորյանը մասնակցություն չի ունեցել Յու.Շաբոյանի կողմից առանց հափշտակելու նպատակի տուժող Ա.Հակոբյանի ավտոմեքենայի առևանգմանը: Մեղադրողը միջնորդել է Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության հիմքով:

Դատարանը ևս գտել է, որ Արմեն Գրիգորյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը, ուստի պետք է ճանաչել և հռչակել նրա անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ:
Դատարանը միաժամանակ որոշում է կայացրել ամբաստանյալ Յուրի Շաբոյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Յուրի Շաբոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` տուժող Արթուր Հակոբյանի և ամբաստանյալ Յուրի Շաբոյանի փոխադարձ հաշտության հիմքով: Յուրի Շաբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս