Արմեն Մուրադյան. Էլեկտրոնային կառավարման միասնական համակարգերը ժամանակի հրամայականն են

Հունիսի 20-22-ը Երևանում անցկացվող «ԴիջիԹեք» ամենամյա բիզնես ֆորումի շրջանակում «Տելեբժշկության հայկական ասոցիացիայի» կողմից այսօր ներկայացվեց Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացքը: Միջոցառումը նախագահում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախքան բացումը կազմակերպիչները բուժաշխատողներին շնորհավորեցին մասնագիտական տոնի առթիվ:

«Համոզված եմ, որ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգերը ժամանակի հրամայականն են: Եվ առանց նման համակարգի բացառվում է, որ հնարավոր կլինի կառավարել, լուծել առողջապահական այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև»,-ասաց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ տեխնոլոգիական համակարգերի ներդումը պետք է ուղեկցվի որակի վերահսկման չափորոշիչների և մեխանիզմների ամրապնդմանը զուգահեռ:

Նախարարը միասնական էլեկտրոնային համակարգը ստեղծելու գործում կարևորեց մասնագետների, հանրության կողմից նոր և կառուցողական առաջարկների անհրաժեշտությունը:

«Առանց նման համակարգի մեր յուրաքանչյուր բարեփոխում դատապարտված է»,- նկատեց նախարարը` ավելացնելով, որ առանց նման համակարգերի ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է վերահսկել ֆինանսական հոսքերը:
Առողջապահական համակարգի հիմնական խնդիրներից մեկը բնակչության իրազեկվածության ցածր մակարդակն է։ Նորարարական նման համակարգերի ներդրումն ու կիրառումը միտված կլինի իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին արդյունավետ քննարկում կազմակերպելու համար` ընդգծելով, որ, անկախ անխուսափելի դժվարություններից ու խոչընդոտներից, նորարարական համակարգերի ներդրումն անհրաժեշտություն է:

Քննարկվեցին նաև «Առողջապահական թվային տեխնոլոգիաների զարգացման ուղիները Հայաստանում», «Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ինտեգրումը առողջապահական համակարգում», «Ժամանակակից ՏՏ լուծումները հեռաբժշկական համակարգերում», արդիական այլ թեմաներ:

Յոթերորդ անգամ կազմակերպվող միջոցառման նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին` գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, իսկ տեխնոլոգիական ընկերություններին՝ ներկայանալու հաճախորդներին մեկ վայրում: Ֆորումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)` ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս