Մանվել Գրիգորյանի խորհրդականը՝ գեներալի և Դոն Պիպոյի միջև թշնամանքի մասին. shamshyan.com
Էջմիածնում հունիսի 18-ին հնչած կրակոցների փաստի վերաբերյալ մամուլում տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում:
Մասնավորապես, կարծիքներ են հնչել, թե կատարվածը կապ ունի ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մարզպետական հավակնությունների հետ: Նշվում է, որ դա դուր չի եկել քրեական հեղինակություն Դոն Պիպոյին, ում բարեկամներն էլ եղել են միջադեպը հրահրողները:
Նշվում է նաեւ, որ գեներալների մտերիմները, ի պատասխան իրենց զարմիկների նկատմամբ հնչած կրակոցների, կատարող կողմի հարազատներից մարդկանց են առեւանգել:
Այս հարցերի շուրջ SHAMSHYAN.com-ը զրուցեց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհրդական, ԵԿՄ վարչության անդամ Վարդան Վարդանյանի հետ:
Զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
– Դուք իսկապե՞ս գտել եք կրակոցների հեղինակներին:
– Մամուլում տեղ գտած ձեր մատնանշած հրապարակումներն անհեթեթություն են: Նախ, մենք ապրում ենք իրավական պետությունում: Նման հարցերը իրավապահներին է հարկավոր ուղղել: Մենք իրավունք չունենք որոնել, գտնել, ինքնագործունեությամբ զբաղվել: Ինքնադաստանի մասին օրենքը նախնադարում էր գործում: Իրականում կատարվածն էլ շատ լուրջ մի բան չի եղել:
Առավել կարեւոր խնդիրներ կան: Ես լրատվամիջոցների հարցումները փոխանցեցի գեներալին, նա նույնիսկ նեղացավ, թե՝ ա՛յ Վարդան ջան, ասենք՝ նրանք ախմախ են եղել, ես էլ հո դրանց խելքին չե՞մ:
Կարեւոր հարցեր ունենք, դարձյալ սահմանին 2 զոհ ենք ունեցել: Այս թեմաները թողած՝ ընկել, ինչ-որ ջահելների անխելք պահվածքի հարցերն եք օրերով քննարկում:
Ի դեպ, Մանվել Գրիգորյանը խնդրեց, որ լրատվամիջոցների հետ ցանկացած շփման առիթ օգտագործենք սահմանային միջադեպերի զոհերի հարազատներին ցավակցելու համար: Գեներալը ողջ երկրապահական ընտանիքի կողմից զորակցություն է հայտնում զոհերի հարազատներին ցավալի դեպքերի կապակցությամբ, ցավակցում է ողջ հայ ազգին, մեր բանակին՝ շարքայինից մինչեւ պաշտպանության նախարար եւ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:
– Իսկ կատարվածը որքանո՞վ կարող է կապ ունենալ Կարեն Գրիգորյանի մարզպետական հավակնությունների հետ:
– Բայց ո՞վ է ասել, թե Կարեն Գրիգորյանը նման ցանկություն ունի: Դա եւս հորինվածք է: Ինչ-որ մեկը քնել, վեր է կացել ու իրենից դուրս տվել: Հիմա 1000 խելոք չեն կարողանում մի տգետի նետած քարը հորից հանել:
Նույն այդ թերթը, որ շարունակ շրջանառում է Կարեն Գրիգորյանի՝ մարզպետ դառնալու լուրը, 1000 անգամ դիմել է, 1000 անգամ հիմնավոր պատասխան ստացել, բայց ոչ մի անգամ չի հրապարակել պաշտոնական դիրքորոշում: Միշտ գերադասել է իր ենթադրությունները հրապարակել: Եվ ոչ մի անգամ էլ հարկ չի համարել ներողություն խնդրել, երբ հանրությանը պարզ է դարձել, որ իրենք ստում են:
Մանրամասներն՝ այստեղ