Բանալին Հայաստանում է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ իմ շփումը խիստ ոգեւորիչ էր մի քանի առումով: Նախ` ինձ դուր է գալիս, երբ պաշտոնյաները լրագրողների հետ շփվելիս զսպվածություն եւ համեստություն են դսեւորում: Թե չէ՝ հիշեցի Երեւանի քաղաքապետարանի վարչության մի պետի, որն ի պատասխան լրագրողի մի հարցի ասել է` «քանի որ ես վարչության պետ եմ, ապա կարող եմ շփվել միայն պետերի, այսինքն` խմբագիրների հետ»:
Երկրորդը` իհարկե, հաճելի էր, որ ամերիկյան քաղաքը ղեկավարում է հայաստանյան ծագում ունեցող երիտասարդը, որը 88-ին` 14 տարեկանում լքել է Խորհրդային Հայաստանը, առաջ է գնացել իր անձնական արժանիքների շնորհիվ՝ դառնալով քաղաքային խորհրդի անդամ, իսկ այնուհետեւ` քաղաքապետ:
Բայց ամենակարեւորը նրա առողջ վերաբերմունքն է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Սփյուռքում, որքան տեսնում եմ, կա երկու ծայրահեղություն: «Ավանդական» սփյուռքահայերը եթե հետաքրքրվում են Հայաստանով, ապա միայն ազգային խնդիրների համատեքստում` այնպես, ինչպես իրենք են այդ խնդիրները հասկանում` Հայ դատ, ցեղասպանություն, պահանջատիրություն:
Այդ տեսանկյունից նրանց թվում է, թե այնքան էլ կարեւոր չէ, թե ինչպիսի պետություն է Հայաստանը, ինչպիսի ռեժիմ է այստեղ, միայն թե` բոլորս միասին հետապնդենք վերոհիշյալ խնդիրները: Մեր այդ հայրենակիցները պատեհ չեն համարում խոսելու Հայաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացման, իշխանության լեգիտիմության եւ վերահսկելիության մասին: Նրանք, ովքեր այստեղից են գնացել 1990 թվականից հետո (դարձյալ՝ եթե հետաքրքրվում են հայրենիքով), խոսում են հենց այդ խնդիրների մասին: Բայց ցավն այն է, որ այդ «նոր սփյուռքահայերից» շատերն այդ՝ մեզ համար չափազանց ցավալի հարցերին անդրադառնում են չարությամբ՝ կարծես թե ենթագիտակցաբար փորձելով արդարացնել իրենց բացակայությունը:
«Սարքեք լավ հայրենիք, եւ ես կվերադառնամ»,- հաճախ դա է հնչում իրենց ասածների «տողատակերում»: Այդ կշտամբանքների հիմքը զուտ հուզական է, դրանցից պետք է վերանալ: Իրար մեղքերն ընդունելուց եւ սեփական մեղքերը խոստովանելուց հետո պետք է շարժվել առաջ՝ աչքի առաջ ունենալով այն անհերքելի դրույթը, որ բոլոր տեսակի ազգային խնդիրների լուծման բանալին գտնվում է այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։