Եռյակն այնքան է շողոքորթել Սերժ Սարգսյանին, որ անգամ այդ գործում վարպետացած շատ ՀՀԿ-ականները զարմացել են. «ՀԺ»
«Իշխող էլիտան երեկ մինչեւ կեսգիշեր կերուխում է արել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Այնտեղ են եղել ոչ միայն պատգամավորներն ու նախարարները, այլ նաեւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները եւ բոլոր մարզպետները:
Մինչ ծաղկաձորյան հավաքը, պատգամավորները ենթադրում էին, որ Սերժ Սարգսյանը հանրապետական պատգամավորների «կաշին կքերթի»՝ խորհրդարանում նախորդ երկու օրերին ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար:
Նման բան, սակայն, ըստ մեր աղբյուրների, տեղի չի ունեցել: Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, որոշել է «հարամ» չանել ՀՀԿ-ականների քեֆը, որի առիթը, ինչպես մեզ հայտնի դարձավ, վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումն է եղել եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում` Գալուստ Սահակյանի ընտրությունը:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է կառավարության եւ խորհրդարանի ղեկավարներին: Վերջիններս նույնպես ելույթ են ունեցել եւ շնորհակալություն հայտնել բարձր վստահության համար:
Ելույթ են ունեցել նաեւ ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ, մասնավորապես, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Խոսրով Հարությունյանը: Այս եռյակն այնքան է շողոքորթել Սերժ Սարգսյանին, որ անգամ այդ գործում վարպետացած շատ հանրապետականներ զարմացել են:
Մեզ հասած տեղեկություններով, Արտաշես Գեղամյանն իր բաժակաճառի ժամանակ դժգոհել է, թե խորհրդային միության ժամանակ իր նման վաստակ ունեցող մարդիկ գեներալի կոչում են ունեցել ու հիմա իրեն գոնե մայորի կոչում կարելի է շնորհել: Ընդհանուր առմամբ, հանրապետական պատգամավորները մի լավ լիցքաթափվել են նախորդ երկու օրերի խորհրդարանական «ծանր» աշխատանքից հետո եւ ուժ հավաքվել այսօր սպասվող ոչ պակաս «ծանր» աշխատանքի համար. երեկ նրանք ստորագրություններ էին հավաքել, որ այսօր ժամը 18.00-ից հետո եւս մեկ արտահերթ նիստ հրավիրեն, որ հասցնեն սպառել արտահերթ նստաշրջանի օրակարգն ու քվեարկության դնել քննարկված օրինագծերը:
Ծաղկաձորյան քեֆի սեղանները, ինչպես երեկ պնդում էին մեր զրուցակից հանրապետական պատգամավորները, առանձնահատուկ ճոխ չեն եղել»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։