Բաժիններ՝

Բուլղարիայում նույնպես թերթերն իրենց տեղը զիջում են համացանցին

Թեպետ տեղեկատվության տարածման հիմնական աղբյուրները հանդիսանում են ոչ թե հեռուստաընկերությունները, թերթերն ու ռադիոն` միասին վերցրած, այլ լրատվական գործակալությունները, սակայն այս ամենարագ եւ օպերատիվ լրատվամիջոցներն այսօր ունեն շատ մեծ խնդիրներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, բուլղարական ազգային գործակալության` «BTA»-ի տնօրեն Մաքսիմ Մինչեւը Հանքավանի «Անի ռեզորթ» հանգստյան տանը կայացած «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ եւ համագործակցություն» խորագրով համաժողովի ժամանակ տեսակետ հայտնեց, որ գործակալությունների աշխատանքի գլխավոր խնդիրը ինտերնետն է: «Այն միաժամանակ եʹւ օգնում, եʹւ խանգարում է:

Օր-օրի շատանում են կայքերը, որոնցից շատերն իրենց անվանում են լրատվամիջոց կամ գործակալություն: Դրանք չեն առաջնորդվում որեւէ օրենքով, լրագրողական սկզբունքով, եւ դրանց վրա որեւէ ազդեցություն չի թողնում հեղինակային իրավունք հասկացությունը: Հենց այս պատճառներն են, որ բացասական ազդեցություն են թողնում գործակալությունների աշխատանքի վրա»,- ասաց Մինչեւը` հավելելով, որ այդուհանդերձ, գործակալությունները, հաշվի առնելով մարտահարվերներն, ավելի արագ են գործում եւ իրենց արտադրանքը դարձնում ավելի որակյալ, բազմակողմանի եւ հետաքրքրական:

Ըստ Մինչեւի, այս միտումները ոչ միայն Բուլղարիային են հատուկ, այլ ողջ աշխարհին: Նրա ներկայացմամբ, լրատվական դաշտում հսկայական փոփոխություններ են կատարվում, եւ ավանդական մեդիան իր տեղը զիջում է համացանցին: Նրա խոսքերով, եթե մի քանի տարի առաջ բուլղարական գրեթե բոլոր թերթերը գործակալության բաժանորդներն էին, ապա այսօր այդ բաժանորդների թիվը կրկնակի նվազել է: Պատճառն այն է, որ թերթերը կամաց-կամաց զիջում են իրենց դիրքն ու ավելի շատ հայտնվում ֆինանսական խնդիրներ առաջ: Բացի այդ, ժամանակակից կայքերի թիվը գնալով շատանում է:

Մրցակցությանը դիմանալու, ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով գործակալությունը մի քանի տարի առաջ մշակեց գործողությունների պլան, որը ներառում էր ոչ միայն լավագույն արտադարանքի, այլ բազմակողմանի ծառայությունների մատուցում: Այսօր BTA-ն երկրի ամենաուժեղ գործակալությունն է, որն առաջարկում է մուլտիմեդիա ծառայություններ: Սա ընդամենը մեկ նախաձեռնություն է: Գործակալությունը հիմնել է նաեւ մամուլի ակումբներ, իրականացնում է տարբեր նախագծեր, որոնց շնորհիվ, լրատվամիջոցը ոչ միայն պահպանում է իր տեղն ու դերը շուկայում, այլեւ պահպանում ֆինանսական կայունությունը:

Բուլղարական ազգային գործակալությունը` BTA-ն 117 տարեկան է: Այս տարիների ընթացքում այն երբեք չի փոխել իր անվանումը եւ երբեք չի դադարեցրել աշխատանքը: Բուլղարական գործակալությունն ազգային է, ղեկավարությանն ընտրում է Ազգային ժողովը: Սրանով կառավարության դերը գործակալության աշխատանքում ավարտվում է: Գործակալությունն անկախ է բոլոր ինստիտուներից եւ չի ղեկավարվում որեւէ մեկի կողմից: Այսօր գործակալությունն ունի 300 աշխատող, որից 170-ը լրագրող են:

Հունիսի 20-ին հանքավանում մեկնարկել է «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ եւ համագործակցություն» խորագրով համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Վրաստանի ազգային գործակալությունները:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս