Հովիկ Աբրահամյանը «քցե՞ց» ընդդիմությանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ապրիլի 22-ին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի էր ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել էին ԱԺ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները։

Հանդիպմանը ՀԱԿ-ը չէր գնացել, իրենք այս կառավարության հետ քննարկելու բան չունեն։ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության՝ տարբեր ձևաչափերով։

Հանդիպման ընթացքում վարչապետի հետ փոխադարձ համաձայնություն էր ձեռք բերվել՝ համատեղ աշխատելու նոր նախագծի վրա։ Սակայն պարզվում է՝ վարչապետի հետ հանդիպման գնացած ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցում նոր փաստաթղթերի ձևավորմանը։

Այդ մասին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, երբ փաստաթուղթը դեռ խորհրդարանական խմբակցություններին էր ներկայացվել։ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ասել էր. «Այսօրվա հանդիպմանը իսկապես մենք տեսանք փոփոխություններ իրականացնելու պատրաստակամություն։

Մենք կփորձենք գտնել ինչ-որ կոմպրոմիսային լուծումներ, որ իսկապես այս գործընթացը վերանայվի այնպես, որ հասարակությունը հավատա, համոզվի, և իսկապես վստահության մթնոլորտ ձևավորվի»։

Երեկ «Առավոտի» հարցին՝ ստացվում է, որ վարչապետը «քցեց» քաղաքական ուժերին, հիասթափվա՞ծ եք, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Մի՞թե ես նման եմ մի մարդու, ով հիասթափվում է»։ Փոխարենը հիասթափված էր ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորն այնքան էր հիասթափված, որ ասաց՝ առաջիկա օրերին չի ցանկանում հարցերի պատասխանել»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս