Սերժ Սարգսյանի անվտանգության պետի «արկածները» Աշտարակում. «Ժողովուրդ»
«Աշտարակ քաղաքի բնակիչները պատրաստվում են մոտակա օրերին փակել Աշտարակ-Երևան ավտոճանապարհը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Պատճառը քաղաքում իրենց «բեսպրեդել» համարողների գործողություններին վերջ տալն է, ովքեր փորձում են ամեն գնով հասնել ապօրինի գազալցակայանի կառուցման որոշման հաստատմանը Աշտարակի ավագանու կողմից:
Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի շինարարության մեջ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանը: Իսկ Արագածոտնի մարզպետը և իր եղբայրը սկսել են ճնշումներ գործադրել ավագանու ընդդիմացող անդամների վրա:
Աշտարակի ուժային կառույցների ղեկավարները, քաղաքապետ Անտոնյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել են մեկիկ-մեկիկ աշխատել ավագանու անդամների հետ, որպեսզի նրանք իրենց համաձայնությունը տան՝ այդ տարածքում գազալցակայան կառուցելու համար:
Որոշ դեպքերում անգամ եղել են սպառնալիքներ՝ աշխատանքից հեռացնելու, «վատ լինելու» և այլ տխուր հեռանկարների տեսքով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աշտարակի ավագանու անդամ Արմենակ Սարգսյանը նշել էր, որ անթույլատրելի է այդ հողատարածքում գազալցակայան կառուցելը, իսկ ահա ավագանու մեկ այլ ներկայացուցչից՝ Կարեն Շահազիզյանն էլ հայտնել էր, որ հողատարածքի մի մասը, ըստ նախագծի, պետք է ծառայեր մարզադպրոցի մուտք, ավելին` կառավարության որոշմամբ հողատարածքը տրվել է համայնքին որպես սեփականություն, հետևաբար իր համար անհասկանալի է, թե ինչու պետք է հողատարածքը դրվի աճուրդի՝ գազալցակայան կառուցելու համար: Ավելին՝ մեր զրուցակիցը հիշեցրել էր, որ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել է կառուցել մարզադպրոցը:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ըստ շրջանառվող լուրերի, գազալցակայան կառուցելու հարցում խիստ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ասել էր, թե առաջին անգամ է լսում գազալցակայան սարքելու մասին, իսկ ահա քաղաքապետ Անտոնյանը հրաժարավել էր հեռախոսով որևէ մեկնաբնաություն տալ: Ինչպես նկատում ենք, դեպքերն արագ են զարգանում և ահա Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանը որսի է դուրս եկել:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և Նաիրի Սահակյանը Աշտարակի ավագանու անդամ Մուշեղ Թաշչյանին, ով Աշտարակ քաղաքում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է և ունի կարատեի խմբակ, ստիպել են, որ լուծարի այն: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ որպեսզի հանրության մոտ կասկածներ չառաջանան, թե դա կապված է գազալցակայանի կառուցման հետ, որոշ սպորտային խմբակների ղեկավարների ևս ստիպել են փակել իրենց խմբակները:
Արդյունքում շուրջ 500 երեխա կարող է հայտնվել փողոցում: Ստեղծված իրավիճակից դժգոհ աշտարակցիները չեն պատրաստվում լռել, և չի բացառվում, որ մոտակա օրերին փակեն Աշտարակ-Երևան ավտոճանապարհը և ստիպեն Աշտարակ քաղաքում իրենց «բեսպրեդել» համարողներին հաշվի նստել իրենց հետ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։