
Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում (տեսանյութ)

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Օսիկյանը անդրադարձավ Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակում վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ ոստիկանի կերպարի և մտածողության փոփոխության, ոստիկանության կառուցվածքային բարեփոխման, ենթակառուցվածքների ձևավորման, հասարակական վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով:
Համազեկուցողները շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեցին, որ իրենց խնդիրը բարեփոխումների ճանապարհին Հայաստանին, մասնավորապես՝ ոստիկանությանը սատարելն է, որի վերափոխման գործընթացը հասարակությունն ամենակարևորներից մեկն է համարում:
Համազեկուցողներին հետաքրքրում էր ոստիկանության համագործակցությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման շարժընթացը, անմեղության կանխավարկածի պահպանման խնդիրը հետաքննության և նախաքննության փուլում, ընտանեկան բռնությունների հակազդման, ոստիկանության գործունեության հանրային վերահսկողության խնդիրները:
Հյուրերի բոլոր հարցադրումներին տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: