Բաժիններ՝

Անաշխատունակության կեղծ փաստատթղթերի տրամադրման դեպքում բուժհաստատությունների տնօրենները կպատժվեն

Հունիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, վարչության մասնագետների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ:

Հանդիպման նպատակը մարզի առողջապահության ոլորտին առնչվող խնդիրների քննարկումն էր:

Նշելով, որ մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների արդեն 10 մրցույթ է անցկացվել՝ Ա. Նալբանդյանը շնորհավորեց նշանակված և վերանշանակված տնօրեններին:

-Գործընթացը շարունակվում է և այսուհետ ևս, մրցույթները պետք է անցկացվեն պատշաճ մակարդակով,-ասաց նա:

Մարզի ղեկավարը նշեց, որ կառավարությունը, առողջապահության նորանշանակ նախարարն աշխատանքային նոր մոտեցումներ են թելադրում, ուստի պետք է առավել զգոն և հետևողական աշխատանքներ տանել: Նա կարևորեց առողջապահական հիմնարկներում հերթերի գոյացումները բացառելու, բուժհաստատությունների սանիտարական վիճակը բարելավելու խնդիրները:

Ներկաների ուշադրությունը հրավիրվեց հատկապես Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքներին, որոնց արդյունքում մի շարք խախտումներ են արձանագրվել՝ կապված անաշխատունակության կեղծ փաստատթղթերի տրամադրման հետ: Դրանով պետբյուջեին մեծ չափերի վնաս է հասցվել:

-Նման խախտումների արձանագրման դեպքում բուժհիմնարկների տնօրենները խստագույնս կպատժվեն, – զգուշացրեց մարզի ղեկավարը:

Անդրադարձ կատարվեց նաև հուլիսի 1-ից նախատեսվող նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված՝ պոլիկլինիկական հատվածում ծագող հնարավոր խնդիրներին: Համաբուժարանների, բուժմանակաբարձական կետերի տնօրենները հարցի առնչությամբ մտահոգություն ունեին աշախատավարձերի վճարման խնդիրներով:

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ պոլիկլինիկական մասին տրվող գումարները հուլիսի 1-ից գրեթե կկրկնապատվեն, ուստի աշախատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չեն ծագի:

Մարզի ղեկավարը տնօրեններին առաջարկեց բուժհիմնարկներում ավելացնել վճարովի ծառայությունների թիվը՝ ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով:

Քննարկվեցին նաև ոլորտին առնչվող այլ հարցեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս