«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումն` անհրաժեշտություն
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել է ՀՃՄ վարչության ներկայացուցիչների հետ` ՀՃՄ փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի գլխավորությամբ` քննարկելով «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը:
Տվյալ հանդիպմանը նախորդել էր դեռևս մայիս ամսին նախարար Ն. Սարգսյանի և ՀՃՄ վարչության անդամների հանդիպումը Հայաստանի ճարտարապետների միությունում, որի ընթացքում քաղաքաշինության նորանշանակ նախարարը ոլորտի առաջնահերթ կարևոր խնդիրների թվում առանձնացրել էր «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի անհրաժեշտությունը: Նա առաջարկել էր օրենքի նախագծի վերջնական, ՀՃՄ կողմից լրամշակված տարբերակը հնարավորինս կարճ ժամկետում ներկայացնել նախարարություն:
ՀՀ քաղաքաշինության նախարարի մոտ կայացած հանդիպման ընթացքում ՀՃՄ վարչության անդամները, ներկայացնելով խնդրո առարկա օրենքի նախագծի վերջնական տարբերակը, որպես քաղաքաշինության ոլորտի իրավական կարգավորման կարևորագույն խնդիր առանձնացրել են ոլորտի մասնագիտական ինքնակարգավորման ինստիտուտի ստեղծումը, որը հնարավորություն կտա մասնագիտական հանրության ներքին կարգավորիչ ներուժն օգտագործել ի նպաստ ոլորտի կառավարման որակի բարձրացման, մասնագետների հմտությունների մշտական կատարելագործման, շարունակական կրթության կազմակերպման և գիտական ու ստեղծագործական կարողությունների զարգացման և արդյունավետ օգտագործման:
ՀՃՄ վարչության ներկայացուցիչներն արձանագրել են, որ դեռևս 2012 թ. ՀՃՄ համագումարն այս հարցը բարձրացրել էր քաղաքաշինության նախարարությունում, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջինիս ընթացք չէր տրվել:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարևորելով նման օրենքի ստեղծումը, վստահեցրել է, որ առաջիկայում այս ուղղությամբ քայլեր կիրականացվեն` հնարավորինս շուտ խնդրին լուծում տալու համար:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն