Խորհրդակցություն` արտակարգ իրավիճակների վերաբերյալ

Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր:

Ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը զեկուցել է հրդեհի մարման աշխատանքների մասին: Նա ներկայացրել է համապատասխան կառույցների քայլերի հաջորդականությունը և նախքան հրդեհի մարումը կրթօջախում տիրող իրավիճակը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության, ինչպես նաև ոստիկանության աշխատողներին նվիրված ու բանիմաց աշխատանքի համար և հայտնել, որ նրանք արժանանալու են խրախուսանքների: Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ օպերատիվ և արդյունավետ արձագանք է տրվել արտակարգ իրավիճակին:

Անդրադառնալով հրդեհի առաջացման պատճառներին և փրկարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան հետևություններ անել դրանց վերացման և ապագայում կանխարգելիչ միջոցների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Վարչապետը կարևորել է ուսումնական վարժանքների դերն արտակարգ իրավիճակների ժամանակ խուճապի դեպքերից խուսափելու գործում:

 ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս