Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանը անվտանգության կանոնների խախտմամբ փորձում է Աշտարակում գազալցակայան կառուցել. «Ժողովուրդ»
«Աշտարակ քաղաքի ավագանու նիստերը կարող են լավագույն օրինակ հանդիսանալ այլ համայնքների համար, ի վերջո ցույց տալով ավագանու դերը տեղական ինքնակառավարման ոլորտում:
Հատկապես Երևանի ավագանուն, որտեղ որոշումները մեծամասամբ կայացվում են «շտամպային» մեծամասնությամբ, մասնավորապես Միկոյանի արձանի տեղադրման որոշումն ընդունելուց հետո, չէր խանգարի փորձի փոխանակման համար մասնակցել Աշտարակի ավագանու առաջիկա նիստերին` տեսնելու, թե ինչպես պետք է իրականում պաշտպանել համայնքային շահերը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Խնդիրն այն է, որ Աշտարակի քաղաքապետն ու Արագածոտնի մարզպետն արդեն երկար ժամանակ է, ինչ չեն կարողանում ավագանու նիստում իրենց համար ցանկալի որոշումը կայացնել տալ, ավագանու անդամները դիմադրում են: Իսկ ի՞նչ է եղել:
Սկսենք իրադարձությունները շարադրել մի փոքր ավելի խորքից: Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանն ընտրվելու օրվանից մինչ հիմա չի կարողանում ավագանու անդամների հետ համագործակցված աշխատել, վերջինիս ավագանու թիմը չի ընդունում:
Հերթական պոռթկումը եղել է մայիսի 30-ին, երբ քաղաքապետ Անտոնյանն առաջարկել է կայացնել մի որոշում, համաձայն որի՝ Աշտարակի նոր կառուցվող սպորտդպրոցին հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար:
Ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չեն տվել հողատարածքի աճուրդն իրականանա՝ պատճառաբանելով, որ այդ տեղը գազալցակայանի համար հարմար չէ, քանի որ կողքին կառուցվում է մարզադպրոց, «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղն է գտնվում հարևանությամբ, իսկ 30-40 մետր հեռավորության վրա կան բնակելի տներ:
Այսինքն՝ գազալցակայանի շինարարության համար նախատեսված անվտանգության որևէ կանոն պահպանված չէ… Այստեղ ուշագրավ է հետեւյալը, թե ինչն է քաղաքային ու մարզային իշխանություններին ստիպում անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի լուծվի գազալցակայանի կառուցման հարցը:
«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ գազալցակայն կառուցելու հարցում խիստ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։