Մի´ պաշտպանեք Արցախը ինձնից, դա ո´չ միայն վիրավորական է, այլ նաև՝ անհեթեթ. Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, թե Մաքսային միության անդամ երկրները չեն ցանականում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին: Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազույցում, հաղորդում է Tert.am-ը: Նա ընդգծեց, որ իր համար այս հարցը սպառված է և զարմանում է, որ դեռևս շարունակվում են քննարկումները:
«Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է և շատ պարզ է: Այո´, ՀՀ-ն անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես ՀՀ-ն այս 20-23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային հանրույթներին: Որևէ մեկը կա՞, որ հարց առաջացնի ու ասի՝ մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ո´չ: Ճշմարտություն է նաև այն, որ ՀՀ-ն ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ, երկրորդ Հայաստանի Հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, սխալ է: Այո´, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ես դրա հետ համամիտ եմ 100%-ով: Այո´, ուրիշները ևս չեն ճանաչել՝ ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունն է»,-ասաց նա և ընդգծեց, որ մնացած բոլոր հարցերը հուզական մակարդակում են:
Անդրադառնալով Նազարբաևի կողմից հնչեցվածին՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ քաղաքականության մեջ, առավել ևս՝ դիվանագիտության մեջ, հույզերը տեղ չունեն՝ դիվանագիտությունը կամ բանակցությունները տղայություններ անելու տեղ չեն:
«Դիվանագետի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար ցուցաբերելու ենք հաստատակամություն՝ հույզերը պարտակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով ու տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում: Ես իրոք զարմանում եմ, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում նման կարծիք հնչեց: Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ո´չ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը և, իհա´րկե, դիվանագիտական ճակատում է պատերազմ մղում: Անհասականլի կլիներ, որ Ադրբեջանի Նախագահը նամակ չուղղեր և՛ Ղազախստանի Նախագահին, և՛ Ռուսաստանի Նախագահին, և՛ Բելառուսի Նախագահին: Երբ ասում են՝ անակնկալ էր, ես չեմ կիսում, ո՞նց կարող էր անակնալ լիներ: Մեր պատվիրակության մեջ տասից ավելի մարդ կար, ու նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել, բոլորն էլ գիտեին, որ նամակ է հղել երեք Նախագաներին: Բացի այդ՝ մենք ունեինք անցյալի փորձը… Հարցը նպատակահարմարության մասին է՝ որտեղ ինչ կարելի է ասել: Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել: Մի կողմ դրեք հույզերը: Երբ ես ասում էի՝ տհաճ էր, տհաճությունը ո´չ թե բովանդակային առումով էր, այլ՝ տհաճ էր, որ ՄՄ անդամ երկրի Նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի Նախագահի նամակին: ՀՀ-ն ունի իր հստակ սահմաները, ԼՂՀ-ն ունի իր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա»,-ասաց նա:
Նախագահը, դիմելով իր քննադատներին ասաց. «Մի´ պաշտպանեք Արցախը ինձնից, դա ո´չ միայն վիրավորական է, այլ նաև՝ անհեթեթ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: