Երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները կնվազեցվեն.«ՀԺ»

«ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է երթեւեկության կանոնների մի քանի խախտումների համար նախատեսված տուգանքների փոփոխության հարցը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Այդ տուգանքների չափը սահմանված է ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով: Ամենաէական փոփոխությունը վերաբերվում է սահմանված արագության գերազանցման համար նախատեսված տուգանքին:

Գործող կարգով, սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսված է 10 հազար դրամի տուգանք: Ներկայացված նախագծով առաջարկվում է գերազանցած յուրաքանչյուր կմ/ժամի համար վարորդին տուգանքել հազարական դրամով:

Այսինքն՝ եթե սահմանված արագությունը գերազանցել է 1 կմ/ժամով, տուգանքը պետք է լինի 1000 դրամ, եթե երկու կմ/ժամով, ապա՝ 2000 դրամ, եւ այսպես շարունակ:

Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցին:

Ներկայումս, գործող կարգի համաձայն, տուգանքի վճարումը 30 օր չկատարելու դեպքում այն եռապատկվում է, իսկ 60 օր հետո՝ հնգապատկվում: Առաջարկվող նախագծով եռապատկման փոխարեն տուգանքը պետք է ավելանա 25 տոկոսով, իսկ հնգապատկման փոխարեն՝ 50 տոկոսով:

Հավանության արժանանալու դեպքում տուգանքների փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերից»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս