Արմեն Գևորգյանը մարզպետներին առաջարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը փոխանցել գործատուներին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատություններում, ինչպես նաեւ մարզային սոցիալական ծառայություններում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքների եւ արձանագրված խախտումների հետ կապված հարցեր: Փոխվարչապետն անթույլատրելի համարեց նշված հաստատություններում խախտումների դեպքերը եւ մարզպետներին առաջարկեց սեղմ ժամկետներում քննության առնել արձանագրված փաստերը, պարզել պատճառները, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Խորհրդակցությանը ներկայացվեցին հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները, ինչպես նաեւ համայնքների աշխատավարձի գծով պարտքերի վերաբերյալ տվյալներ: Նշվեց, որ 2014թ. ընթացքում պարտքեր են կուտակվել մի շարք մարզերում, ընդհանուր՝ 17,3 մլն դրամի չափով: Փոխվարչապետն անթույլատրելի համարեց ընթացիկ պարտքերի կուտակումը՝ նկատելով, որ հուլիսի 1-ից նախատեսվում է նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացում, եւ համայնքներում պետք է առավելագույն ուշադրություն դարձվի բյուջետային կարգապահությանը՝ նախատեսված ծրագրերը եւ ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ եւ ողջ ծավալով իրականացնելու համար: Փոխվարչապետը մարզպետներին հորդորեց խնդիրը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Ներկայացվեցին նաեւ Արագածոտնում, Գեղարքունիքում եւ Շիրակում հատկապես հողի հարկի հավաքագրման գործընթացում հարկատուների ներգրավվածության վերաբերյալ վերլուծության արդյունքները: Փոխվարչապետը համապատասխան մարզպետների ուշադրությունը հրավիրեց տվյալներին՝ ընդգծելով բոլոր հարկատուների նկատմամբ հավասար մոտեցում կիրառելու անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ այս ոլորտում վարչարարության բարելավման առումով անելիքներ կան, եւ խնդիրը գտնվելու է Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում:
Անդրադարձ եղավ նաեւ գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից ՊՈԱԿ-ների կամ ՀՈԱԿ-ների վերակազմակերպման գործընթացին, ինչպես նաեւ մարզային ենթակայության կրթական եւ առողջապահական հաստատությունների կառավարման արդյունավետության հետ կապված հարցերի:
Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով սահմանված պահանջների կատարման խնդրին՝ ընդգծելով, որ կառավարությունը կարեւորում է օրենքով նախատեսված մոտեցումների պահպանումը՝ առանց որեւէ վերապահման կամ բացառությունների: Նա առաջարկեց կառավարության դիրքորոշումը փոխանցել նաեւ մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին:
Ա. Գեւորգյանը մարզպետներին հորդորեց նաեւ աջակցել աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին եւ կարեւորեց այսօր կայացած՝ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ նախանշված ժամկետներում իրականացումը:
Անդրադարձ եղավ նաեւ Գյուղական համայնքների 4-րդ համաժողովի կազմակերպչական հարցերին: Համաժողովն ավանդաբար կազմակերպվում է աշնանը՝ տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների հրատապ խնդիրների քննարկման նպատակով:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին