Բաժիններ՝

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը Հովիկ Աբրահամյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Հարգելի պարոն Աբրահամյան,

Ենթադրաբար արդեն տեղակացված եք Երևանի կենտրոնում Աֆրիկյանների ակումբի (տան) շենքի հետ կապված հանրային հնչեղություն ստացած վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ։
Մենք` Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության անդամներս, գտնում ենք, որ Հանրապետական նշանակության այս հուշարձանի քանդումը հակասում է ՀՀ օրենքներին։ Մասնավորապես 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիային, որի 5-րդ հոդվածում նշված է որ. «Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»:

Տեղեկացնենք, որ այսօր Աֆրիկյանների ակումբի շենքին որևէ վտանգ չի սպառնում, և քանդման համար բերվող հիմնավորումները չեն բավարարում նշված կոնվենցիայի դրույթներին։ Միևնույն ժամանակ գտնում ենք, որ նույն այդ դրույթից ելնելով անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի N 1616-Ն հավելված 2-ում նշված տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը՝ ավելացնելով դրանք հավելված 1-ում նշված պահպանության ենթակա հուշարձանների ցանկին։

Այս նամակով մենք պահանջում ենք հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային ու եվրոպական պարտավորությունների իրականացմանը և փրկել Երևանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցները։ Հակառակ դեպքում նախաձեռնությունը պարտավորված կլինի ՀՀ օրենսդրության շրջանակում իրականցնել քայլեր` իրացնելու համար մշակութային ժառանգության նկատմամբ Սահամանադրությամբ ամրագրված դրույթները։

Հարգանքով,
Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնություն
ք. Երևան
13 հունիս 2014թ.

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս