«Կիսելյովի և իր տեսակի մարդկանց լկտի և սանձարձակ պահվածքը պայմանավորված է ապաշնորհ պաշտոնյաների քծնանքով»
«Կրեմլի որդեգրած հակաժողովրդավարական քաղաքական կուրսի ջատագով, «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն տխրահռչակ Դմիտրի Կիսելյովը չորեքշաբթի երեկոյան ՀՀ ԱԺ–ում տեղի ունեցած «ռուս–հայկական խորհրդարանական ակումբի» նիստի ընթացքում հանդես եկավ մի շարք անթույլատրելի հայտարարություններով, որոնք հանդիպմանը ներկա հայկական կողմի ներկայացուցիչների կողմից մնացին անպատասխան։
Ռուս–հայկական խորհրդարանական ակումբի երևանյան նիստին ներկա է եղել նաև Վերոնիկա Կրաշենինիկովան, ով Ռուսաստանում արտերկրից ֆինանսավորում ստացող ՀԿ-ներին «օտարերկրյա գործակալ» կոչող խայտառակ օրենքի համահեղինակներից մեկն է։ Վերոնշյալ հանդիպումը ԱԺ–ում կազմակերպվել էր ՀՀ–ում ռուսական «5–րդ շարասյունը» ներկայացնող Անդրանիկ Նիկողոսյանի և նրա միջոցներից սնվող հայաստանյան մի քանի ՀԿ–ների կողմից։
Անդրանիկ Նիկողոսյանի կողմից ՀՀ տարածքում ձևավորված ապազգային կառույցների, այդ կառույցներում առկա միջանձնային փոխհարաբերությունների արատավոր դրսևորումների և կոնկրետ գործող տխրահռչակ անձանց մասին հրապարակմամբ հանդես կգանք մոտ օրերս, ինչից հետո հայ հանրությանը պարզ կդառնան այս անձնավորության կողմից ղեկավարվող կառույցների ստորաքարշ ռուսահպատակության դրդապատճառները։
Ռուս–հայկական խորհրդարանական ակումբի նիստի ընթացքում Կիսելյովը մասնավորապես հայտարարել է. «Հայկական պետականության գոյությունն աշխարհում կարող է երաշխավորել միայն մեկ երկիր՝ Ռուսաստանը»։ Այս հայտարարությունը ևս անպատասխան է մնացել նիստին ներկա ՀՀ ԱԺ փոխխոսնակի և պատգամավորների կողմից։ Կիսելյովը նաև հարկ է համարել ասել, որ իր կարծիքով ռուսաց լեզուն պետք է ՀՀ–ում օրենսդրորեն դարձնել երկրորդ պետական լեզու. այս պահանջը ևս լուռ համաձայնությամբ է ընդունվել ներկաների կողմից։
Հանդիպումն անցել է միայն ռուսերենով, հանդիպման ընթացքում հայերեն թարգմանություն չի եղել և պատգամավորների ներկայությամբ ուղղակիորեն խախտվել է «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետը, ըստ որի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:
Հաշվի առնելով վերոգրյալ նսեմացուցիչ իրողությունները՝ «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ–ն իր խորին մտահոգությունն է հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ և խստորեն դատապարտում է Կիսելյովի նման հեղինակազուրկ և հակամարդկային արժեքների քարոզչի համբավ վայելող անձնավորության ներկայությունը ՀՀ ԱԺ-ում։
Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակը և իշխող կուսակցության պատգամավորները չեն տիրապետում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին և իրենց լուռ համաձայնությամբ խրախուսում են մեր երկրում մեկ այլ պետության ներկայացուցչի սանձարձակ պահվածքը։
Հերմինե Նաղդալյանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը և հայկական կողմից հանդիպմանը ներկա մնացած մասնակիցներն իրենց կեցվածքով կասկածի տակ են առել ՀՀ ինքնիշխանությունը։
Այս մարդիկ այլևս բարոյական իրավունք չունեն տարբեր վայրերում ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը և արհամարհանքի են արժանի հասարակության լայն շերտերի կողմից։ Դմիտրի Կիսելյովի և իր տեսակի մարդկանց լկտի և սանձարձակ պահվածքն ամբողջությամբ պայմանավորված է վերոնշյալ ապաշնորհ պաշտոնյաների և ՀՀ–ում գործող ռուսական «5–րդ շարասյան» ներկայացուցիչների թողտվությամբ և քծնանքով։ Կիսելյովի նման մարդկանց պատճառով է նաև, որ այսօր մեր հասարակության լայն շերտերում սկսում են բորբոքվել հակառուսական տրամադրություններ»:
«Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ Խորհուրդ