Առափիում մոտ 260 տուն առանց ջրի է մնացել
«Ասպարեզի» խմբագրություն էր զանգահարել Առափի գյուղի բնակիչներից Աշոտ Նահապետյանը, ով բավական զայրացած տոնով հայտնեց, որ տեւական ժամանակ է, ինչ Առափի համայնքը սնուցող խմելու ջրի մայր խողովակը, որը գտնվում է գյուղի հին դպրոցի մոտ, վնասվել է, ինչի հետեւանքով ջրագծի վնասված հատվածից շատ մեծ քանակությամբ ջուր է հոսում եւ իսկական օվկիանոս է գոյացել:
«Գյուղում մոտ 260 տուն առանց ջրի է մնացել, մնացած 400-ը` ջուր ունեն: Ուրիշ ժամանակ էղնի, գուկան, ջրի փողը նախադու կուզեն: Հմի իրանք բյուջե են հավաքում՝ իրենց կռիսներին աշխատավարձ տալու, թե՞ էս տիպի ավարիաներ լինելու դեպքում վթարը վերացնելու համար: Վերջը տրակտոր չունի՞ն, արդեն 4-րդ օրն է, հեչ մարդ չի ուզե գա շինե: Իբր տրակտոր են ուղարկել, դա էլ չի փորե: 5000 դոլարանոց էդ տրակտորն ի՞նչ պետք է փորե: Կամ էլ մի 20.000 դրամանոց էժան աշխատող են ճարել, որ իրանք հարստանան: Ասում են` 50 ընտանիք եք, փող հավաքեք, փոսը փորեք, թող գան մագիստրալը շինեն, հարցը լուծվի: Ուրեմն՝ ես համ փող տամ, համ մագիստրալը շինե՞մ: Եթե փոսը փորեմ, իրանց էլ հետը կթաղեմ: Ահա թե ու ենք հասել: Էս ո՞ր դարը կապրինք: Կամ թող նորմալ տրակտորիստ բերեն, կամ եթե տրակտորը չի փորե, թող նորմալ տրակտոր բերեն: Ես իմ սեփական փողերով չպետք է սարքեմ: Թող բարի էղնին, ջրագիծը սարքեն»,-իր զայրույթն է հայտնում Ա.Նահապետյանը:
Հարցին` ինչի՞ հետեւանքով է ջրագիծը վնասվել, զրուցակիցս պատասխանեց, որ շատ հին ջրագիծ է, արդեն ժանգոտված: «Հո գյուղացիները չե՞ն տրաքցրել, որ ասեմ՝ ահաբեկչություն է եղել: Առափի գյուղը սողանքի տակ է: Եթե կապիտալ վերանորոգում չեն կարող անել, թող ժամանակավոր սարքեն, մարդիկ ջուր ունենան»:
Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանն «Ասպարեզի» հետ զրույցում ասաց, որ ջրագծի վթարն անպայման վերականգնելու են:
«Արդեն երկու անգամ է, ինչ «Շիրակ-ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ից բրիգադայով, տեխնիկայով գալիս են: Ուղղակի տեղանքը մի քիչ հարմար չէ, թեքությունը շատ մեծ է, հարմար տեխնիկա չկա»: Առափիի գյուղապետին հարցրեցի` գիտեմ, որ Առափին սողանքային գոտի է, գուցե դա է՞լ է դժվարացնում ջրագծի վթարի վերացումը: Հարցիս ի պատասխան, Ա.Այվազյանն ասաց, որ չի բացառում, իսկ ջրագծի նման վթարներ իրենց գյուղում հաճախակի չեն լինում:
Մանրամասներն՝ այստեղ
Լուսանկարը՝ hetq.am-ի