ԲՀԿ-ի համար որևէ տաբու չկա. Նաիրա Զոհրաբյան

«Քառյակը սեպտեմբերի վերջին կհրավիրի հանրահավաք, մենք կքննարկենք մեր հետագա քայլերը՝ նաև մասնակից դարձնելով ժողովրդին: ԲՀԿ-ի համար որևէ տաբու չկա, բայց մենք առաջնորդվում ենք այն քայլերով, որ հրապարակված էր հայտարարության մեջ, փոքր քայլերի հաջողության սկզբունքով: Շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու մինչև սեպտեմբերի վերջ և, համոզված եղեք, որ հանրությունը չի հիասթափվի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրիա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ կարող էին ավելի հիմնավոր փոփոխությունների պահանջ դնել, բայց ռացիոնալ պետք է լինել և ձևակերպած կետերի կատարման համար 2-3 ամիսը բավարար է:

Անդրադառնալով էլեկտրաէեներգիայի թանկացմանը՝ Ն.Զոհրաբյանը հայտարարեց, որ ՀԾԿՀ նախագահի հիմնավորումները համոզիչ չէին, և հենց նա է ասել, որ վատ կառավարման արդյուքն է. «Բոլոր միջոցները ձեռնարկելու ենք, էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու համար»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ հուլիսից 40% աշխատավարձի բարձրացումը ծրագրված էր պետական բյուջեով, պատահական չէ, որ ամենամեծը եկամտահարկի աճն է՝ 86 մլրդ դրամ: Ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի, գազի թանկացումները իրենք արդեն իսկ բերում են մյուս բոլոր ապրանքների շղթայական թանկացման, և ռեալ աղքատության մակարդակը չի կարող իջնել. «Ինչպես կարմիր գծերը, արագաչափերը, սա էլ համալրում է այդ դժգոհությունների շարքերը և մենք թույլ չենք տալու այդ բարձրացումը»:

Անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի խնդրին՝ Ն.Զոհրաբյանն իր զարմանքը հայտնեց նրանց ցուցաբերված ընդունելության համար, կարծես Դալայ Լաման էր եկել խորհրդարան. «Երբ հարցրեցի՝ ո՞ւմ եք սրտատրոփ սպասում, պարզվեց, որ մի վերլուծաբանի: Եթե դու թույլ ես տալիս, որ քո երկրի խորհրդարանում թքեն քո երեսին, մեղավորը դու ես: Եթե մի վերլուծաբանի ես նման շանս տալիս, ապա միշտ էլ կգտնվի մի անդաստիարակ, որ նման բան իրեն թույլ կտա: Եվ այն մարդիկ, որ խաշած ժպիտներով այդ նիստին մասնակցել են և թույլ են տվել, որ նման հայտարարություններ անի, իրենք են մեղավոր: Պատասխանատուն մենք բոլորս ենք»: Զոհրաբյանը նշեց, որ Կիսելյովի նողկալի քծնանքն առ Պուտին, հայտնի է, նա մի լրագրող է, ով տառապում է «վելիկոուսական շովինիզմով», բայց նրան թույլ տրվեց անարգել Հայաստանի Հանրապետությունը:

Տեսանյութեր

Լրահոս