Արամ Մանուկյանը խորհուրդ տվեց «չկռռալ»

ՀԱԿ-ն իր կարծիքը չի փոխել և հիմա էլ համոզված է, որ առկա վիճակից միակ ելքը իշխանափոխությունն է: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե իշխանությունը մինչև սեպտեմբեր քառյակի 12-կետանոց պահանջները  չկատարի, այլ ելք մնո՞ւմ է, բացի իշխանափոխությունից:

«Հիմա պայքարը գնում է ժամանակի, արտագաղթի ու կամքի մեջ: Եթե բոլորը գնան, ո՞վ է պայքարելու: Շատ հստակ երևում է որքան են մեր ակտիվիստներից գնում, որքան է թուլանում երկիրը: Կարծում եմ, որ սեպտեմբերին այնպես, ինչպես մենք ենք մտածում, այդպես մտածողների թիվը շատ կլինի երկրում»,- ասաց Ա.Մանուկյանը:

Ըստ նրա՝ կա պարզ թվաբանություն, երբ իրենց շարքերը քաղաքական դաշտում ավելի շատ լինեն, հնարավորություններն էլ ավելի շատ կլինեն. «Մենք խորհրդարան մտել ենք 7 ձայնով, այսօր քաղաքական գործընթացների արդյունքում ունենք 55 ձայն: ՀՀԿ-ականների օրինագծերը անցնում են 66-67 ձայնով: Մի քիչ էլ մնա, 55 ձայն կդառնա, որովհետև երբևէ ՀՀԿ-ից անցնելու են ընդդիմության դաշտ: Սեպտեմբերի վերջին միանաշանակ պնդելու ենք ասելիքը, հույս ունենք, որ այլ քաղաքական ուժերն էլ այդպիսի ծրագրով կպայքարեն»:

Ի պատասխան հարցին, եթե մյուս ուժերը չգնան իշխանափոխության պահանջի, քառյակի հետ ի՞նչ կլինի, Ա.Մանուկյանը խորհուրդ տվեց «չկռռալ»: Թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չի ներառվել, պատգամավորը նշեց, որ 12 կետերի շուրջ է կոնսոլիդացիա եղել, և որ հարցի շուրջ բոլորի համաձայնությունը եղել է, այն ներառվել է փաթեթում: Ըստ Մանուկյանի՝ մի կետն էլ որ կատարեն, հաջողված կհամարի, դա ընտրական կարգի փոփոխությունն է և 100% համամասնական կարգի անցնելը, նաև եթե ընտրությունների նախորդ օրը հրապարակեն ընտրողների ցուցակները: Մանուկյանի կարծիքով՝ ցանկության դեպքում մեծ դժվարությամբ կառավարությունը կարող է կատարել քառյակի պահանջները, բայց դրա արդյունքում լուրջ «քանդուքարափ» է լինելու ՀՀԿ-ն. «Կամ փրկելու են Հանրապետականին, կամ փրկելու են երկիրը, թող որոշեն: Թող մաքրեն ցուցակները: Համամասնականի դեպքում էլ խնդիրները չեն լուծվում ամբողջությամբ, բայց այս դեպքում այդ հիվանդությունը որոշ չափով լուծվում է: Եթե բերում ես դեգենեռատ, անգրագետ, մեղքն ընկնում է կուսակցության վրա: Համամասնականը ես չեմ ասում, որ բալասան է բոլոր խնդիրների համար, բայց մի մեծ փունջ է լուծում»:

Մանուկյանը նշեց, որ իշխանությանը լուրջ քաղաքական կամք և համարձակություն է պետք պահանջները կատարելու համար, բայց երկու դեպքում էլ կունենա խնդիրներ՝ կատարելու դեպքում ՀՀԿ-ն խնդիր կուեննա բիզնեսի, օլիգարխների հետ, ստվերը պետք է փոքրանա, իսկ այդ ստվերը հենց իրենց ձեռքին է. «Բայց հավանական է, որ չեն անելու՝ իրենց բնույթը չի փոխվել: Կարո՞ղ է փող սիրում էին, վաղը չեն սիրելու: Բայց տեսականորեն կարող են, եթե դրա ցանկությունն ունեն»:

Մանուկյանը նշեց, որ ժողովրդի միակ ցանկությունը իշխանությունից ազատվել է: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների ծրագիրը չանցնելու դեպքում, Հանրապետականում պոռթկում կլինի:

Տեսանյութեր

Լրահոս