Լյուբիկ Չիբուխչյան. «Ես 20 տարի ուշացրել եմ Ադրբեջան տեղափոխվելս»
tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը հունիսի 12-ին կայքին հայտնել է , որ ինքը հունիսի 10-ին ՀՀԿ անդամությունից հրաժարվելու համար դիմում է գրել ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար, Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանին:
Դիմումը Լյուբիկը հանձնել է ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Սամվել Առաքելյանին: Դիմումում նշված է.
«Հանրապետությունում առաջինը ես հղացա ստեղծել սույն կուսակցությունը, 1987-ից մինչեւ հիմա պետանվտանգությունում է իմ գրամեքենան, իբր էս երկրի քայքայմանն ուղղված գործունեություն ծավալող` դու ինձ կալանքի ենթարկեցիր:
1990թ.-ին քո քաղաքապետ եղած ժամանակ ոչ միայն չընդունեցիր ինձ ու Աշոտ Նավասարդյանին, այլեւ սպառնացիր, որ եթե շենքը չէ, դիմացի մայթն էլ չլքենք, ոստիկանություն կկանչես: Մի քանի մահափորձ էլ տարա կապված առաջին «Պայքար» թերթի ստեղծման հետ:
Ապա հետեւեց 10 տարի իմ բռնակալանքը, քո բնածին շոումենի տաղանդով հիմա դու այդ կուսակցության մարզային ղեկավարն ես, ուստի կառույցների հսկմամբ դու եւ քո հանցակիցները կաշառք էիք բաժանում, որ վերընտրվող Սերժ Սարգսյանը շատ ձայն հավաքի:
Վերջերս էլ քո ու նրա դավադրությամբ կորցրի աշխատանքս, տունս, պատիվս եւ գոյատեւելու բոլոր հնարավորություններս: Ու հարկադրված քաղաքական ապաստան խնդրեցի Ադրբեջանից: Իմ բարոյական կերպարով չեմ կարող ձեզ պես լինել խարդախ ու քցող, ձեր պահվածքը պետք է քննի միջազգային ատյանը: Իմ դիմումի համաձայն ես դուրս եմ գալիս քրտինք ու արյամբ հիմնած իմ կուսակցությունից»:
Լյուբիկն ասաց, որ իր 20 տարվա աշխատանքի վերջնահաշվարկն ստացավ՝ 25 հազար դրամ եւ հավելեց.
«Ես 20 տարի ուշացրել եմ Ադրբեջան տեղափոխվելս»: Չիբուխչյանը հայտնել է, որ այսօր ժամը 16-ին նա հարցազրույց է տալու Հայաստանի հեռուստաընկերություններից մեկին: