Անգամ ՀՀԿ-ականների համար էր ընդունելի Նիկոլ Փաշինյանի՝ Կիսիլևին «պերսոնա նոն գրադա» հայտարարելու առաջարկը. «Ժողովուրդ»

«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա վրդովմունքը` կապված «Ռուսաստանն այսօր» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլևի վիճահարույց հայտարարությունների հետ, իհարկե, միանգամայն հասկանալի և ընդունելի է բոլորի, անգամ` հանրապետականների համար»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Թեև նրանք դա ի ցույց դնելու համարձակություն, բնականաբար, չունեցան: Սակայն Փաշինյանի առաջարկը` Կիսիլևին «պերսոնա նոն գրադա»` անցանկալի անձ հայտարարելու մասին, կարծում ենք` չափազանց է: Ինչպես ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էր պարզաբանել. ««Պերսոնա նոն-գրադա» Հայաստանում հայտարարվում են այն անձինք, որոնց գործունեությունը վնաս է մեր ազգային և պետական շահերին»:

Անկեղծ ասած` դժվար է համոզիչ փաստարկներ բերել առ այն, որ Կիսիլևի՝ նախօրեին արած հայտարարությունները որևէ կերպ վնասում են մեր պետական և ազգային շահերին:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի՝ վերջին քսան տարիների իշխանությունները մեր պետական և ազգային շահերը կամավոր կերպով և, ցավոք, կարծես թե անվերադարձ, հանձնել են Ռուսաստանի տնօրինմանը:

Ուստի պետք չէ զարմանալ, որ Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակը Հայաստանի Ազգային ժողովում իրեն կարող է նման լկտի, և, ինչպես շատ տեղին ստուգաբանությամբ նկատեց Ալ. Արզումանյանը, ցինիկ պահվածք թույլ տալ:

ԱԺ պատգամավորները լավ կանեին Կիսիլևի խոսքերից վրդովվելուց բացի, կամ դրանից շատ առաջ` վրդովվեին ԱԺ-ում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի բացման փաստից ( երբ չկան հայ-ամերիկյան կամ հայ- ֆրանսիական ակումբներ), այն էլ` մի մարդու նախաձեռնությամբ, ով հայտնի է Հայաստանում տխրահռչակ պուտինյան ակումբների բացմամբ:

ԱԺ պատգամավորները նախ և առաջ պետք է մտահոգվեին, թե ինչու և որ արժանիքների համար են ԱԺ նախագահը, պաշտպանության նախարարը և այլք այդ մարդուն մեդալներ և կոչումներ շնորհում:

Եթե շնորհում են` ուրեմն հօգուտ մեր պետական շահի ինչ-որ բան է արել: Եթե այդ ինչ-որ բանը նշված ակումբի բացումն է, որտեղ կիսիլևանմաններն ու վոլինկինները նման հայտարարություններ են անում, նշանակում է՝ մեր իշխանությունների պատկերացմամբ` դա հօգուտ մեր ազգային շահի է: Հետևաբար` նախքան Կիսիլևին «պերսոնա նոն գրադա» հայտարարելը, պետք է այդ կարգավիճակը տալ Հայաստանի իշխանություններին»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս