Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Անձնագրային և վիզաների վարչության նորանշանակ պետին (տեսանյութ)
Հունիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին:
Ոստիկանության պետը կադրային փոփոխությունը կարևորելով համակարգի բարեփոխումների համատեքստում` նշեց, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին` վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռևս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչև կոռուպցիոն ռիսկեր: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հետողական է լինելու արատավոր երևույթների դեմ պայքարում:
Ոստիկանության պետը ներկայացրեց նաև Անձնագրային և վիզաների վարչության կառուցվածքային փոփոխության նպատակն ու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները կնպաստեն աշխատանքային և կատարողական կարգապահության բարձրացմանը, տարածքի քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելուն, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչության աշխատակիցներին կրկին հիշեցրեց ոստիկանի աշխատանքի, ծառայողական պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայություն մատուցելու գլխավոր սկզբունքները:
***
Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ոստիկանության զորքերի՝ Դավիթաշենում կառուցվող նոր մասնաշենք, ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին, շրջեց աշխատասենյակներում, ուսումնական ու ցուցադրական սրահներում: