Պետրոս Մակեյանը` քառյակի 12 պահանջների մասին. «Թե ի՞նչ են անում՝ իրենք էլ չգիտեն»
«Այդ բոլոր խնդիրներն առկա են ու առօրեկան են մեր քաղաքացիների համար, բայց դրանք միայն հետևանքն են: Պատճառը քաղաքական իրավիճակն է, որը ձևավորվել է գործող վարչախմբի կողմից` կառավարման այսօրվա քրեաօլիգարխիկ համակարգի շնորհիվ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացված 12 պահանջներին:
Նա նշեց, որ այժմ քառյակը փորձում է «պատճառը» փոխել, այսինքն` քաղաքական օրակարգ ձևավորել. «Հետևանքի հետևից են ընկել: Թե ի՞նչ են անում՝ իրենք էլ չգիտեն: Երևի պարտադրված ժամանակ են տալիս՝ մինչև հասկանան, թե ինչ է կատարվում»:
Հարցին`արդյո՞ք այդ 12 կետերում արտացոլված են այն բոլոր խնդիրները, որոնք առկա են Հայաստանում, Պ. Մակեյանը պատասխանեց. «Հայաստանի հիմնական խնդիրը գործող վարչախմբի գոյությունն է: Այն 12-ը, որ նրանք թվարկել են` ավել է, թե պակաս, դա էական չէ: Միևնույն է, եթե ինչ-որ բան անեն, իմիտացիոն բաներ են անելու, ոչինչ չի փոխվելու: Ես բազմիցս ասել, եմ, որ ոչ իշխանական քառյակի գոնե կեսը ուղղորդվում է իշանության կողմից, դրա համար, որևէ լավ բան սպասել, ինձ թվում է` սխալ կլինի»: