Հովհաննես Մարգարյան. ՕԵԿ-ի համար երբեք դժվար չի եղել կողմնորոշվել
Երեկ ԱԺ-ում քննարկվում էր 2013թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Միակ խմբակցությունը, որը պաշտանապես չի արտահայտել իր տեսակետն այդ հաշվետվության վերաբերյալ, ՕԵԿ-ն էր: Խորհրդարանական քառյակի ներկայացուցիչները թունդ քննադատության են ենթարկել բյուջեն և այն իրականացրած կառավարությանը` Տիգրան Սարգսյանի գլխավորությանբ, իսկ ՀՀԿ-ականներն անտարբեր ալարկոտությամբ ընթերցել են թվեր, թե որքան փայլուն է կատարվել բյուջեն, և ինչպիսի տնտեսական բարձր ցուցանիշներ են արձանագրվել: Ինչո՞ւ ՕԵԿ-ը չարտահայտեց իր դիրքորոշումը. արդյո՞ք դրա պատճառն այն է, որ 2013թ. ՕԵԿ-ը եղել է կառավարող կոալիցիայի կազմում և չի կարող քննադատել մի կառավարության, որի կազմում ինքն է եղել, և չի կարող գովել այդ կառավարությանը և նրա գործունեությունը, քանի որ այժմ ընդդիմություն է, իսկ ընդդիմությանը հակացուցված է գովել կառավարությանը կամ իշխանությանը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի հետ, ով այդպես էլ որևէ սպառիչ պատասխան չտվեց:
168.am-ի հարցին՝ բոլոր մյուս խմբակցություններն արտահայտել են իրենց դիրքորոշումը, արդյո՞ք Ձեր կողմից մինչև այժմ որոշում չկայացնելու պատճառն այն է, որ 2013թ. ՕԵԿ-ը կառավարության կազմում էր, և ինքն էլ մասնակցել է այդ բյուջեի ձևավորմանը և ծախսմանը, իսկ այժմ Դուք ընդդիմություն եք, Հ. Մարգարյանը պատասխանեց. «ՕԵԿ-ի համար երբեք դժվար չի եղել կողմնորոշվել, որովհետև մենք միշտ շիտակ և ազնիվ ենք եղել մեր դիրքորոշումների մեջ, անկախ նրանից` եղել ենք իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն: Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք ազատ և թափանցիկ, և հիմա էլ նույն ձևով, երբ որոշում կկայացնենք, կարտահայտենք այն»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: