
ՌԴ բուհերի օտարերկրացի շրջանավարտների համար քաղաքացիության տրամադրման կարգը կհեշտացվի

Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հեշտացվում են ռուսաստանյան բուհերի օտարերկրացի շրջանավարտներին, ինչպես նաեւ ձեռներեցներին եւ ներդրողներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգերը, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Օրենքը տարածվում է այն օտարերկրացիների վրա, որոնք բնակվում են ՌԴ տարածքում եւ ռուսական դիպլոմ են ստացել 01.07.2002-ից հետո, նաեւ այն գործարարների վրա, ովքեր մինչ համապատասխան դիմում ներկայացնելը 3 տարուց ոչ պակաս գործունեություն են ծավալել ՌԴ-ում եւ ունեն տարեկան 10 մլն ռուբլուց ոչ պակաս եկամուտ: Օրենքը կվերաբերի նաեւ օտարերկրյա այն ներդրողներին, որոնց ներդրման մասնաբաժինը ռուսաստանյան ընկերությունների կանոնակարգային կապիտալում կկազմի 10 տոկոսից ոչ պակաս` 100 մլն ռուբլի ընդհանուր կապիտալից ոչ պակասի դեպքում: