
Վարչապետի մոտ քննարկվել են ՀՊՃՀ-ի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին մեր երկրում կրթության բնագավառում իրականացված բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք առաջիկայում ևս կլինեն շարունակական:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության զարգացումը և ընդգծել, որ կառավարությունն աջակցելու է ոլորտի առաջընթացին միտված յուրաքանչյուր նախաձեռնության: Վարչապետն ընդգծել է, որ տարբեր բնագավառների բարձորակ մասնագետների պատրաստումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին առնչվող մի շարք հարցեր: