«Հույս ունենանք, որ հուլիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարի Եվրասիական միությանը միանալու գործընթացը առկախելու մասին» (տեսանյութ)
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների մակարդակով, երեք երկրների կառավարությունների եւ Հայաստանի կառավարության հետ համատեղ, սահմանել է Եվրասիական միության պայմանագրին Հայաստանի միանալու՝ մինչեւ հուլիսի 1-ը նախանշված ժամկետը:
«Եթե իշխանությունը ցանկանում է, որ հասարակությունն իր կողքին լինի Եվրասիական միություն մտնելիս, ապա պետք է հրապարակվեն այն կետերն ու պայմանները, որոնցով մենք մտնում ենք այդ միություն: Շատ հստակ պետք է ամրագրվի, որ Ղարաբաղ-Հայաստան տնտեսական հարաբերություններում մեկ քայլ հետ չի լինելու Եվրասիական միության ճնշման ներքո»,- հայտարարեց Կիրո Մանոյանը «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում» բանավեճի ընթացքում:
Բանախոսներն անդրադարձան Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարին` փորձելով քննարկել եւ գնահատել այդ գործընթացի հնարավոր ելքերն ու հավանական ռիսկերը:
«Մայիսի 29-ին Աստանայում Նազարբաևի արած հայտարարությունը, թե Հայաստանը միանալու է Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի, առաջին հերթին ուղղված էր Ալիևին, թուրքալեզու ժողովուրդներին և Պուտինին, քանի որ նման հայտարարությունները սովորաբար տեսախցիկների առաջ տեղի չեն ունենում: Ես վստահ չեմ, որ Եվրասիական միությունը կծնվի, սակայն Հայաստանը չէ, որ այն քանդող ուժն է լինելու, այնտեղ այնքան շատ են ներքին հակասությունները, որոնք պարտադիր կերպով զգացնել են տալու շուտով»,- կարծում է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
«Ղարաբաղի հարցը չի լուծվելու ոչ Եվրասիական միության մեջ, ոչ էլ անգամ Մինսկի խմբում, քանի որ նման լուծում այսօր քաղաքական հարաբերություններում չկա: Հայաստանի հատուկ ծառայությունների մեղքն է, որ տեղեկություն չեն ունեցել Նազարբաևի կողմից արվելիք հայտարարության մասին, և բաց է թողնվել այդ թեմայով Հայաստանի դիրքորոշումը հայտնելու հրաշալի առիթը», – նշեց Արամ Գ. Սարգսյանը:
«Նմանատիպ պայմաններով Եվրասիական միություն մտնելը Հայաստանի համար Արցախը կորցնելու իրական վտանգներ է ստեղծում: Ոչ պակաս լուրջ հարց է նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ասածը՝ Հայաստանը չի կարող մտնել Եվրասիական միություն այն նույն պայմաններով ու արտոնություններով, ինչպիսիքն ունեն միության հիմնադիր երկրները»,- մատնանշեց Ստեփան Գրիգորյանը:
«Հայաստանից ինչ-որ հնարավոր էր վերցնել՝ արդեն վերցված է, և արդեն նրա հետ վարվում են բացասական էմոցիոնալ ոլորտում, ինչի օրինակն է Ղազախստանի նախագահի պահվածքը: Ինչու՞ ենք մենք գնում Եվրասիական միություն, եթե այնտեղ հավաքվում են մեր թշնամիները, և եթե դա ո´չ տնտեսական ո´չ էլ անվտանգության խնդիր չի լուծում մեզ համար»,- ասաց Աղասի Ենոքյանը:
«ՀՀ նախագահի՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային միությանը միանալու մասին եղել էր միայն նրա տեսակետը, ոչ մի ներքին ազդակ դրա համար չի եղել: Հույս ունենանք, որ հուլիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարի Եվրասիական միությանը միանալու գործընթացը առկախելու մասին», – նշեց Հրանուշ Խառատյանը: