ԱՄՆ դեսպանատունը անգլերենի ուսուցման հնարավորություններ է ստեղծվում ՀՀ հեռավոր բնակավայրերի երիտասարդների համար
Հունիսի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ միասին մեկնարկեց անգլերենի ուսուցման մի նոր նախաձեռնություն, որի շրջանակում անգլերեն սովորելու ընդլայնված հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի հեռավոր բնակավայրերի երիտասարդների համար: «Նոր տեխնոլոգիաների միջոցով անգլերեն լեզվի տարածում հեռավոր շրջաններում» ծրագիրը նախաձեռնել և ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարությունը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամն իրականացում է այն:
Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանի հեռավոր շրջանների անգլերեն սովորողներին, ովքեր իրենց տրամադրության տակ լեզուն սովորելու համար անհրաժեշտ միջոցներ կամ ընդհանրապես չունեն, կամ էլ այդ միջոցները շատ սահմանափակ են:
Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցն ավարտած մարզային համայնքներում բնակվող երիտասարդների համար, և իրականացվում է համացանցի կիրառմամբ ու ընտրված տեղի գրադարանների ու դպրոցների միջոցով: Դասընթացը 17-35 տարեկան այն երիտասարդների համար է, ովքեր ընդհանուր առմամբ, եթե բուհում չեն ուսանում կամ մասնավոր դասերի չեն գնում, ապա ուսուցչի հրահանգավորմամբ լսարանային պայմաններում անգլերեն սովորելու հնարավորություն չունեն:
Լեզվական ուսուցումն ընթանալու է երկու ուղղությամբ՝ խոսակցական և գործարար անգլերեն: Շաբաթական կլինի երկու առցանց դաս և մեկ լսարանային պարապմունք տեղում՝ խոսակցական անգլերենից: Նախնական փուլում ներառված են շուրջ 150 մասնակիցներ Արմավիրից, Գավառից, Եղեգնաձորից և Գորիսից:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն