ՄԳՏԿ-ն կֆինանսավորի հայկական 3 ծրագիր
Հունիսի 3-5-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) աշխատանքային հանդիպմանը, ինչպես նաև ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի և համակարգողների կոմիտեի 59-րդ նստաշրջանների աշխատանքներին: Նիստերի ժամանակ տեղի են ունեցել քննարկումներ «ՄԳՏԿ գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի լրամշակված նախագծի, ՄԳՏԿ 2013 թ. բյուջեի ամենամյա հաշվետվության, ինչպես նաև ՄԳՏԿ 2014 թ. բյուջեի վերաբերյալ:
ՄԳՏԿ աշխատանքային հանդիպման շրջանակներում քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում գիտության և տեխնոլոգիաների զարգացման արդի իրավիճակին և ակնկալվող հեռանկարներին նվիրված հարցեր: Քննարկումների ժամանակ Ս. Հարությունյանը հանդես է եկել ելույթով՝ «Հայաստանում հետազոտությունների և մշակումների ոլորտներում բարեփոխումները» թեմայով: Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ով ներկայացրել է Հայաստանի գիտության ներկա կարգավիճակը և գիտական քաղաքականության առաջնահերթությունները:
ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 59-րդ նստաշրջանի ընթացքում ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտում իրականացվող զգալի բարեփոխումներին: Ռ. Լեմանը հատկապես բարձր է գնահատել հայկական գիտական ներուժի ներդրումը ՄԳՏԿ կողմից իրականացվող ծրագրերում:
59-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել նաև «ՄԳՏԿ գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի լրամշակված նախագծի քննարկումը և նախաստորագրումը: ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը՝ որպես համաձայնագրի լրամշակող կողմի ներկայացուցիչ, մասնակցել է համաձայնագրի նախագծի նախաստորագրմանը:
ՄԳՏԿ կողմից 2014 թվականին դրամաշնորհի համար ներկայացված են եղել թվով 18 գիտական ծրագրեր՝ որոնցից ֆինանսավորման են երաշխավորվել 10-ը: Հայաստանի կողմից ներկայացված 3 գիտական նախագծերը (ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ) երաշխավորվել են ֆինանսավորման՝ 414 135 եվրո և 180 000 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով: Ֆինանսավորման են երաշխավորվել 2-ական գիտական նախագծեր՝ ներկայացված Վրաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի և 1 գիտական նախագիծ՝ Ղազախստանի կողմից: Հայկական նախագծերի իրականացման համար կհատկացվի ընդհանուր բյուջեի մոտ մեկ երրորդը:
Նստաշրջանի ընթացքում առաջարկվել է ՄԳՏԿ շրջանակներում այսուհետ ֆինանսավորել միայն այն ծրագրերը, որոնք համապատասխանում են Կենտրոնի կողմից որոշված հետևյալ գերակայություններին.
1. Բժշկական գիտություններ,
2. Գյուղատնտեսական գիտություններ,
3. Էկոլոգիական անվտանգություն,
4. Ջրային ռեսուրսներ,
5. Կենսավառելանյութ և էներգետիկ անվտանգություն,
6. Նոր նյութեր,
7. Տիեզերք և տիեզերքի ուսումնասիրություն:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին