«Օբյեկտիվ փորձաքննության արդյունքում գործը կբացահայտվի, ու Վ. Պետրոսյանը կարդարացվի». Ն. Բաղդասարյան. ԳԱԼԱ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող հայտնի դերասան Վ. Պետրոսյանի գործով դատաքննության ժամանակ դատարանը բավարարեց Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած միջնորդությունը, համաձայն որի սույն գործի շրջանակներում պաշտպանական կողմն առաջարկում է հարցաքննել փորձագետ Խորեն Զաքարյանին: Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպանից ԳԱԼԱ-ն հետաքրքրվել է, թե ինչ կարող է տալ փորձագետի ցուցմունքը:
«Ասեմ, որ հետազոտվեց դատաավտոտեխնիկական փորձաքննությունը, որից հետո մենք մատնացույց արեցինք, որ դեպքի զննության արձանագրության մեջ բացակայում են երկու կարեւոր հետքեր, դա Նիվա մակնիշի ավտոմեքենայի բանուկ մասում 180 աստիճանով պտտվելու հետքն էր բացակայում, եւ բացակայում էր Վարդան Պետրոսյանի կողասահքի հետքը, թե ինչպես է նա վթարից հետո բանուկ մասում կողասահքով դուրս եկել կողնակ: Փոխարենը մենք դատարանի ուշադրությունը հրավիրեցինք, որ Վարդան Պետրոսյանի վթարի վայրում դեպքի վայրի զննության արձանագրությունը կազմելիս քննիչը երեք բառ էր ավելացրել, որով էլ լուծել էր այդ գործի ճակատագիրը: Նա ավելացրել է վթարի տեղը, որտեղ, այդ երեք բառի ավելացման արդյունքում վթարը արհեստականորեն բանուկ մասից տեղափոխվել է դեպի կողնակ»,- ասել է Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը ներկայացրեց նաեւ դեպքի վայրի զննության վերաբերյալ որոշակի մանրամասներ, որոնք պաշտպանական կողմի կարծիքով փաստում են, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ հատվածում. «Տուժող կողմը ներկայացնում է, թե թափված պլաստմասի հետքերով է որոշվում վթարի վայրը, մինչդեռ էդ պլաստմասի բեկորները թափվել են այն պատճառով, որ վթարի պատճառով երկու ավտոմեքենաներն էլ տեխնիկական իներցիայի հաշվին Նիվա մակնիշի ավտոմեքենան պտտվել ու գնացել դեպի կողնակ, BMW մակնիշի ավտոմեքենան վթարից հետո ամբողջությամբ դեպի կողնակ է գնացել, այդ պատճառով էլ Նիվա մակնիշի ավտոմեքենայի պլաստմասե դետալները հայտնվել են կողնակում: Մենք ունենք անժխտելի փաստեր, դա Նիվա մակնիշի ավտոմեքենայի հետեւի մասում եղած հեղուկն է, որը թափվել է BMW մակնիշի ավտոմեքենայի վրա եւ բանուկ մասի հատվածի վրա, էստեղ պետք չի լինել շատ մեծ մասնագետ, եթե ջուրը լցվում է եւ BMW-ի, եւ բանուկ մասի վրա, նշանակում է, որ բանուկ մասում է եղել»,- նշել է Նիկոլայ Բաղդասարյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: