
Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանն ու Արամ Սուքիասյանը ծանոթացել են մայրաքաղաքի Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացված գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին նման շուկաներ բացվում են արդեն 4-րդ տարին անընդմեջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանն ու Արամ Սուքիասյանը շրջել են շուկայի տարածքում, շփվել մթերք վաճառող գյուղացիների և գնորդների հետ: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ է օգտվել գյուղմթերք գնելու հնարավորությունից` նշելով, որ նմանատիպ տոնավաճառների հիմնական առավելությունն այն է, որ գյուղացին իր արտադրած թարմ գյուղմթերքն անմիջապես, առանց միջնորդի վաճառում է սպառողին, ինչը կանխում է ապրանքի գնի արհեստական բարձրացումը: Դավիթ Օհանյանը նաև կարևորել է հանգամանքը, որ մոտ օրերս շահագործման հանձնվող Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց նոր ճանապարհահատվածը կնպաստի, որ գյուղացիներն իրենց արտադրանքը հեշտությամբ հասցնեն մայրաքաղաքի տարբեր հատվածներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն