Աստանայի օպերային թատրոնը մեզանից կարողացավ տանել Բարսեղ Թումանյանին
Վարդան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Աստանայի օպերային թատրոնին հաջողվել է տանել Բարսեղ Թումանյանին.
«Վերջերս իմացա, որ Աստանայի օպերային թատրոնը մեզանից կարողացավ տանել մեծ երաժիշտ Բարսեղ Թումանյանին` առաջարկելով նրան լավագույն ստեղծագործական և նյութական պայմանները: Բարսեղ Թումանյանի նման բացառիկ արժեքը Հայաստանում այդպես էլ իր տեղը չգտավ: 20 տարուց ի վեր Բարսեղը մերժում էր մշտական ապրելու և ստեղծագործելու բոլոր գայթակղիչ առաջարկությունները Հայաստանից դուրս, այն էլ իր կարիերայի լավագույն շրջանում: Լինելով ընդգծված հայրենասեր` նա իր ունակությունները պատրաստ էր ներդնել միայն Հայաստանում և դրանք ծառայեցնել միայն Հայկական շահերին:
Լինելով բացառիկ գիտելիքների տեր անձնավորություն` շատ լավ տեսնում էր, թե ինչքան խորքային են մեր մշակութային և հոգևոր խնդիրները, նաև գիտեր դրանց արմատական լուծման բոլոր ճանապարհները: Նրա մասին անվերջ կարելի է գրել` որպես բարձրակարգ երգիչի, երաժիշտի, ազնիվ արվեստագետի, գիտակցված հայրենասերի և հպարտ Հայի: Ես համարում եմ նրա կորուստը մեծ ապտակ մեզ բոլորիս: Մենք այդպես էլ չկարողացանք տեր կանգնել մեր արժեքներին, իսկ դրանից վարպետորեն օգտվում են բոլոր երկրները: Ակաման հիշեցի Կոմիտասին, որն ամբողջ կյանքում հալածվեց սկզբից եկեղեցու ներսում, հետո ցեղասպանության սարսափելի տեսարաններից դեպրեսիայի մեջ ընկած Կոմիտասին հանձնեցին թուրքական ռազմական հոսպիտալ բուժվելու համար այն դեպքում, երբ կար Հայկական հիվանդանոց շատ ավելի լավ պայմաններով: Կոմիտասին հանձնելով թուրքերի խնամքին` նույնն է, թե գառին պահ տաս գայլերին: Հենց Կոմիտասի ֆոնդի Հայ ղեկավարները հասցրին նրան ծայրահեղ հոգեկան աստիճանի, որը նրանք հետո պիտի որակեին որպես խելագարություն: Ինչևէ, պատմությունը մեզ դաս չի դառնում: Հույսս միայն նոր պետություն ստեղծելն է, որտեղ ամեն արժանավոր պիտի ունենա իր տեղը: Սա է իմ միակ մխիթարանքը»: