Որքան պետք է լինի ձեր քաշը՝ ըստ հասակի
Մարմնի նորմալ քաշի պահպանումը նույնպես շատ կարևոր է ձեր առողջության համար։ Մենք եռանդուն ենք, աշխատունակ, լավ ենք զգում մեզ, հաճույք ենք ստանում կյանքից, եթե մեր մարմնի քաշը նորմայի սահմաններում է։ Մարմնի քաշի ավելացումն ու նվազեցումը կախված են ընդունվող սննդի կալորիականության և մարդու մարմնի կողմից ծախսվող էներգիայի հարաբերությունից։
Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են շատ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, լեղապարկի հիվանդությունների զարգացմանը։ Մյուս կողմից, նորմայից ցածր բաշը նույնպես ցանկալի չէ։ Դա կարող է որևէ հիվանդության կամ թերսնման նշան լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։
Նորմալ քաշի որոշման Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկված բանաձևը`
Կանանց համար
Նորմալ քաշ = 50 + (հասակ-150) 0,32 + (տարիք-21) ։5
Օրինակ՝ 165 սմ հասակ ունեցող 25 տարեկան կինը պիտի կշռի.
50 + (165-150) 0,32 + (25-21)։ 5 = 55,6: Այսինքն՝ մոտ 56 կգ։
Տղամարդկանց համար
Նորմալ քաշ = 50 + (հասակ – 150) 0,75 + (տարիք- 21) : 5
Օրինակ՝ 175 սմ հասակ ունեցող 30 տարեկան տղամարդու նորմալ քաշը պիտի լինի.
50+(175–150)0,75+(30–23)։5=70,55: Այսինքն՝ մոտ 71 կգ։
Մարմնի հեղուկի քանակի տատանումները բերում են քաշի ամենօրյա տատանումների։ Ուստի մարմնի քաշը որոշելու համար կշռումը կատարեք շաբաթը մեկ՝ ստույգ նույն օրը և ժամին։
Հիշե՛ք, որ նյութափոխանակության վիճակը և այլ գործոնները, որոնք ազդում են քաշի վրա, անհատական են և կախված են մարդու տարիքից, սեռից, առողջական վիճակից և այլն։ Տարիքի հետ մարդը պետք է փոխի իր սնվելու սովորույթները։ Եթե անհատն ընդունում է սննդի նույն քանակը և պահպանում է նույն ֆիզիկական ակտիվությունը 20-40 տարեկանում, ապա 40 տարեկանում նրա մարմնի քաշը, որպես կանոն, ավելի մեծ է լինում։
Դա բացատրվում է նրանով, որ տարիքի հետ փոխվում է նյութափոխանակության ակտիվությունը։ Տարիքի հետ պետք Է օգտագործել մարմինն անհրաժեշտ սննդանյութերով ապահովող, բայց քիչ կալորիաներ պարունակող սնունդ։ Այսինքն՝ պետք է ավելացնել սպիտակուցների և վիտամինների քանակը՝ զուգահեռ նվազեցնելով ածխաջրերն ու ճարպերը։
Քաշի վերահսկումը պետք Է ուղեկցվի կանոնավոր մարզումներով և առողջ ապրելակերպի մյուս բաղադրատարրերով։ Քաշը նվազեցնելու համար միայն սննդի սահմանափակումը բավարար չէ։ Այն մշտապես պետք է ուղեկցվի համապատասխան ֆիզիկական ակտիվությամբ։