Նիկոլայ Բաղդասարյանը կասկածի տակ է դնում Վարդան Պետրոսյանի ուղարկված ծանուցագրի օրինականությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Վարդան Պետրոյանի գործով դատական նիստը, որտեղ շարունակում են հրապարակել քրեական գործի նյութերը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց քննիչի կողմից 2013թ. նոյեմբերի 4-ին կազմված արձանագրությունը, որով քննիչը Վարդան Պետրոսյանին նոյեմբերի 7-ին հրավիրվում է հարցաքննության՝ որպես վկա: Մեկ այլ փաստաթղթում նշված է, որ Վարդան Պետրոսյանը ստացել է ծանուցումը, սակայն նա տեղեկացրել է, որ առողջական ծանր վիճակի պատճառով չի կարող ներկայանալ Նաիրիր քննչական ծառայութուն՝ որպես վկա հարցաքննվելու համար:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ինքը կասկածի տակ է դնում ծանուցագրի օրինականությունը: Պաշտպանը հիշեցրեց, որ արդեն նոյեմբերի 5-ին որոշում է կայացվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին, իսկ քննչական ծառայություն ներկայանալու մասին ծանուցումը Վ. Պետրոսյանին հանձնվել է նոյեմբերի 6-ին:

Մեղադրող Արթուր Սարգսյանն ասաց, որ արտաքինից ցանկացածի մոտ կարող է առաջանալ այն կարծիքը, որն առաջացել է պաշտպանի և ամբաստանյալի մոտ: Ըստ նրա՝ իրականում նոյեմբերի 4-ին ծանուցագիր է դուրս գրվել՝ Վարդան Պետրոսյանին որպես վկա հրավիրելու մասին, սակայն նույն օրը ոստիկանության բաժնից քննիչին տեղեկացրել են, որ նոյեմբերի 3-ին Վ. Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից և գնացել է տուն: Դա, ըստ մեղադրողի, նախաքննության մարտավարությունն է, քանի որ ամբաստանյալը վերակենդանացման բաժանմունքից միանգամից դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել տուն, ինչը կասկած է առաջացրել, որ Վարդան Պետրոսյանը կարող է խուսափել:

Վարդան Պետրոսյանն էլ արձագանքեց, որ քննիչն արձանագրւթյան մեջ գրել է, որ Վարդան Պետրոսյանի՝ հիվանդանոցից դուրս գրման կապակցությամբ զանգահարել է նրա քրոջը, ով հայտնել է, որ եղբայրը գտնվում է իր բնակարանում: Վ. Պետրոսյանի խոսքով՝ քննիչը նշել է, որ Վ. Պետրոսյանը առաջարկել է ներկայանալ քննչական բաժանմունք, սակայն վերջինս նշել է, որ չեն կարող ներկայանալ, քննիչն առաջարկել է գնալ Վ.Պետրոսյանի քրոջ տուն, սակայն վերջինս հայտարարել է, որ քննիչին չի թողնի իր բնակարան: Վարդան Պետրոսյանի խոսքով՝ քննիչը հստակ իմացել է իր քրոջ հեռախոսահամարը, սակայն իր կազմած արձանագրության մեջ նշել է մեկ այլ հեռախոսահամար:

Տեսանյութեր

Լրահոս