«Հրաշալի» հրեշավորություն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել քաղաքական կամ այսպես կոչված` քաղաքական առումով: Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորում է ՀԱԿԿ-ն, հանդես է եկել հոդվածով, որում խիստ քննադատության է ենթարկել Հովիկ Աբրահամյանին, նրան որակել որպես Հայաստանի թալանի պատասխանատուներից մեկը և Գագիկ Ծառուկյանին էլ, ըստ էության, կոչ արել չխաբվել նրան: ՀԱԿԿ-ն մեկն է այն չորս ոչ իշխանական ուժերից, որոնք մի քանի օր առաջ հայտարարեցին Հովիկ Աբրահամյանի կառավարությանը 12 կետանոց ինչ-որ պահանջներ ներկայացնելու մասին, որոնց կատարմանը սպասելու են մինչև աշուն:
Առնվազն տարակուսելի է, որ քաղաքական ուժը միանում է կառավարությանը ներկայացվող 12 կետանոց պահանջագրին և հայտարարում մինչև աշուն ժամանակ տալու մասին, իսկ տվյալ ուժի առաջնորդը մյուս օրը հոդվածով է հանդես գալիս և հայտարարում, որ կառավարության ղեկավարը թալանչիներից մեկն է և նրան նշանակել են ամեն ինչ շարունակելու համար:
Այսինքն` ըստ էության ստացվում է, որ ՀԱԿԿ-ն, որի առաջնորդը նման հայտարարություններ է անում, 12 կետանոց պահանջ է ներկայացրել թալանչիներին և սպասելու է, որ թալանչիները կատարեն այդ պահանջները՝ առնվազն մինչև աշուն սպասելու է: Այս ամենն առավել քան տարակուսելի է և արտացոլում է հայաստանյան ներկայիս քաղաքական ողջ իրականությունը:
Մի կողմից առաջնորդն ասում է թալանչի են, ոչինչ չի փոխվելու, մյուս կողմից` պահանջագիր են ներկայացնում ու սպասում են փոփոխությունների:
Այս օրինակի վրա ընդհանրացվող պատկերից պարզ է դառնում, թե ինչու Սերժ Սարգսյանը կարող է ամբողջ Հայաստանը հանել արտաքին աճուրդի և որևէ կերպ խնդիր չի ունենա հանրապետության ներսում, որովհետև խնդիրներ հարուցելու համար պետք է քաղաքական կյանք, իսկ քաղաքական կրկեսում խնդիրներ չեն լինում՝ լինում են տեսարաններ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։



