Նախախորհրդարանը կոչ է անում համախմբվել և պատրաստվել անհրաժեշտ պահին զանգվածաբար փողոց ու հրապարակ դուրս գալու
«Ապազգային վարչախումբը և նրա պարագլուխ Սերժ Սարգսյանը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հրաժարվել են անգամ արտաքին քաղաքականության իմիտացիայից և բացահայտ կերպով որդեգրել են դավաճանական վարքագիծ` պաշտոնապես ուրանալով Արցախը ու հանձնելով Հայաստանի ինքնիշխանությունը:
Վարչախումբը ժողովրդի կամքի ոտնահարմամբ Հայաստանը դարձնում է մեռելածին Եվրասիական Տնտեսական Միության անդամ, որն ստեղծվում է հերթական անգամ համընկած ռուսական կայսրապետական և թյուրքական ծավալապաշտական շահերի իրացման նպատակով:
Այս աշխարհաքաղաքական գործընթացում իրավազուրկ օբյեկտի կարգավիճակ ունեցող Հայաստանի ներառումը աղետալի հետևանքներ կունենա մեր պետության և ազգի համար:
Ասվածի մասին են վկայում, մասնավորապես, ս.թ. մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական Տնտեսական Միության գագաթաժողովում Ղազախստանի արտահայտած ադրբեջանամետ դիրքորոշումը, դրա նկատմամբ Ռուսաստանի և Բելառուսի լուռ համաձայնությունը, այդ Միությանը Թուրքիային ներգրավելու ուղղությամբ ցուցադրական քայլերը:
Առանձին բացառությունները չհաշված, Հայաստանը (Արցախը ներառյալ) ռուս-թյուրքական դաշինքին հանձնող վարչախմբի և նրա օտար տերերի վերահսկողության ներքո գտնվող քաղաքական վերնախավը կամ պաշտպանում է այս դավաճանությունը կամ էլ սահմանափակվում է կեղծ ընդդիմախոսությամբ:
Եթե յուրային տականքի աջակցությամբ իրականացվող ռուս-թյուրքական այս հերթական դավադրությունը հաջողի, ապա Հայաստանի (Արցախը ներառյալ) ժողովուրդը կկորցնի ոչ միայն իր ինքնիշխանությունը, այլև կկանգնի ֆիզիկական ոչնչացման ենթարկվելու անմիջական վտանգին դեմ հանդիման:
Նախախորհրդարանը, ահազանգելով համազգային աղետի մասին, ստանձնում է Հայրենիքի ազատագրման պատասխանատվությունը և այդ նպատակով ժողովրդին համախմբելու համար նախատեսում է ձեռնարկել համապատասխան քայլեր:
Նախախորհրդարանը մեր ժողովրդին կոչ է անում համախմբվել և պատրաստվել անհրաժեշտ պահին զանգվածաբար փողոց ու հրապարակ դուրս գալու և ազգային-ազատագրական պայքարի ամբողջ զինանոցի կիրառմամբ վարչախմբին ու նրա դավաճան պարագլխին հեռացնելու և մեր Հայրենիքը ռուս-թյուրքական դավադրության մահացու վտանգից ազատագրելու սուրբ գործին»:
Նախախորհրդարան