Բաժիններ՝

Ոչ մի երեխա չպետք է մեծանա խնամքի հաստատությունում, եթե կա հնարավորություն մեծանալու ընտանեկան միջավայրում

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ խնամատար ընտանիքների հետ հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Դիանա Դուրիչը: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի կողմից 2014թ. Ընտանիքի տարի հռչակելու խորագրի ներքո՝ նպատակ ունենալով կարևորել խնամատար ընտանիքների դերը՝ որպես այլընտրանքային խնամքի լավագույն տարբերակներից մեկը խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համար:

Միջոցառմանը մասնակցեցին Երևանից, Լոռվա, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերից 14 ծնող և 16 երեխա և արժանացան խորհրդանշական նվերների՝ ներդրված ջանքերի դիմաց:

2005թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրականացնելու խնամատար ընտանիքների ծառայության ստեղծման փորձնական ծրագիրը: Ծրագիրն իրականացվեց Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցությամբ: Մանկատան 25 սաներ կարողացան ստանալ ընտանեկան խնամք խնամատար ընտանիքների միջոցով: Այս հաջողությանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը միավորեց ջանքերը ավելի շատ երեխաների խնամատար ընտանիքներում մեծանալու հնարավորություններ ստեղծելու համար, ինչպես նաև բյուջետային աջակցություն ապահովեց այն երկարատև դարձնելու նպատակով:

«Բոլոր երեխաները ընտանիքում մեծանալու իրավունք ունեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գերակայություններից մեկը հանդիսանում է ապահովել, որպեսզի երեխաները մեծանան ընտանեկան միջավայրում և այն դեպքում, երբ հնարավորություն չկա, որպեսզի երեխան իր կենսաբանական ընտանիքում մեծանա, առկա լինեն այլընտրանքներ, ինչպես օրինակ ընդարձակ ընտանիքները կամ խնամատար ընտանիքները: Ոչ մի երեխա չպետք է մեծանա խնամքի հաստատությունում, եթե կա հնարավորություն մեծանալու ընտանեկան միջավայրում: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ մենք միավորենք ջանքերը այս տեսլականը իրականություն դարձնելու այն հայ մանուկների համար, որոնք ներկայումս գտնվում են խնամքի հաստատություններում», նշեց տկն. Դուրիչը:

Միջոցառման ընթացքում քննարկվեցին խնդիրներն ու քաղած դասերը, որոնք կներառվեն հետագա աշխատանքներում: Հանդիպմանը ներկա շահագրգիռ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակական քայլեր ձեռնարկելու Հայաստանում խնամատարության ինստիտուտը կայացնելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս