Այս տարվա առաջին եռամսյակին Վրաստանի ու ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 57 տոկոսով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է երրորդ տեղը: Այս տարվա առաջին եռամսյակին Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 190.3 միլիոն դոլար, ինչն իր հերթին կազմում է Վրաստանի ողջ արտաքին առևտրային շրջանառության 7.5 տոկոսը:

Այս մասին են վկայել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Դրանց համաձայն, այս տարվա հունվար-մարտ ամիսներին Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 57 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է մոտ 68 միլիոն դոլար (ողջ արտահանման 9.7 տոկոսը), իսկ Ռուսաստանից Վրաստան ներկրման ծավալը՝ մոտ 123 միլիոն դոլար (ողջ ներկրման 6.7 տոկոսը):

Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան, որին բաժին է ընկել Վրաստանի ողջ ապրանքաշրջանառության 14.6 տոկոսը՝ 368.403.100 դոլար: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ մոտ 320 միլիոն դոլար և 12.7 տոկոս:

Առաջատար տասնյակում են գտնվում նաև Ուկրաինան (168 միլիոն դոլար, 6.7 տոկոս), Չինաստանը (166 միլիոն դոլար, 6.6 տոկոս), Հայաստանը (122.4 միլիոն դոլար, 4.9 տոկոս), Գերմանիան (116 միլիոն դոլար, 4.6 տոկոս), ԱՄՆ-ը (մոտ 109 միլիոն դոլար, 4.3 տոկոս), Բուլղարիան (89.2 միլիոն դոլար, 3.5 տոկոս), Ռումինիան (79.2 միլիոն դոլար, 3.1 տոկոս):

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի առաջին եռամսյակին Վրաստանի արտաքին առևտրի ողջ ծավալը կազմել է 2523 միլիոն դոլար, ինչը 18 տոկոսով ավելին է՝ համեմատած 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:

Տեսանյութեր

Լրահոս