Րաֆֆի Հովհաննիսյան. «Փառք Ղազախստանին»
«Փառք Ղազախստանին, որ ավելի լավ է ընկալում Հայաստանի շահը, քան մեր դե-ֆակտո իշխանությունները»,- այսօրվա ասուլիսում կեսկատակ-կեսլուրջ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով Մաքսային միության անդամներ Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հայտնած որոշ վերապահումները Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ:
Պատասխանելով հարցին, թե ինքն է՞լ է կարծում, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կասկածի տակ է, Ր. Հովհաննիսյանն ասաց. «Ես չգիտեմ` դա վերջնական որոշում է, խուսանավում է, թե ինչ է, բայց կարծում եմ` եթե այդպես ընթանա, թեկուզ անուղղակի, թեկուզ ոչ մեր իշխանություների կամքով, շատ լավ զարգացում է, որովհետև մենք տեսնում ենք, թե ոչ միայն ում հետ, այլ ինչ խնդիրների հետ գործ ունենք: Կրկնում եմ` ուրիշները կան, որ մեր ազգային շահերն ավելի լավ են գնահատում, քան մենք»:
Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 29-ին, Մինսկում կայացել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցել են Մաքսային միության անդամներ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղազախտանի ղեկավարները, իսկ Հայաստանը նախագահը ներկա չի եղել այդ համաժողովին, թեև Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի ղեկավար մարմնի` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են եղել հենց Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցեր:
Panarmenian.net-ի փոխանցմամբ` երեկվա նիստի ավարտին երեք պետությունների ղեկավարները հանձնարարել են ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի մշակումը, որպեսզի փաստաթուղթը եռյակի ստորագրմանը ներկայացվի Աստանայում մայիսի 29-ին կայանալիք գագաթաժողովում: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրին, նշվում է, թե փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի քննարկմանը մայիսի 29-ին: