Արթուր Բաղդասարյանը ավերել է Երևանի ևս մի հուշարձան. «ՀԺ»
«ՀԺ»-ն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երեկ գիշեր ավերվել է մեր մայրաքաղաքի ես մի պատմամշակաթային հուշարձան։ Խոսքը ճոպանուղու հարևանությամբ գտնվող, նախկինում Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքի մասին է, որը անցած տարվա օգոստոսին անհատույց օգտագործման իրավունքով տրվել էր ՀԱՊԿ ակադեմիային։
ՀԱՊԿ-ի ակադեմիային տրամադրվելուց հետո շենքը իբր վերանորոգվում էր։
Երեկ երբ մեր թղթակիցը այցելել է դեպքի վայր, տեղում աշխատող բանվորները պատմել են, թե իբր շենքն ինքն իրեն է փլվել։
ԱԽ այլևս նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից այս ակադեմիայի նախագահի պաշտոնը ստանձնելու հավանություն է ստացել։
Իսկ դա նշանակում է, որ շենքը տնօրինում է հենց նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը։ Այն, որ այդ շենքը ինքն իրեն չէր կարող փլվել, կպնդի շինարարությունից գոնե մի քիչ հասկացող ցանկացած անձ։ Բայց կա նաև լրացուցիչ ապացույց, որ շենքը դիտավորյալ է քանդվել։
Խնդիրն այն է, որ իբր վերանորոգվող այդ շենքի զբաղեցրած տարածքը մի քանի օր առաջ պատվել է հսկայական չափի պաստառներով «Պահպանելով հինը, կաոուցենք նորը» և «Ավելի բարեկարգ Երևան» գրառումներով։
Ու այդ պաստառապատումից հետո ավելի քան մեկ մետր հաստություն ունեցող պատերը հանկարծ իրենք իրենց քանդվել են։ Երևի գիշերով մի թիթեռ է ուժեղ հարվածել շենքին։
Ավելի մանրամասն՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։